Մինսկի իշխանություններն առաջին անգամ սեքս-փոքրամասնությունների ակցիա են թույլատրել։ Միջոցառումը կազմակերպված է փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի տոնի օրը:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», շուրջ 10 մարդ հանդես կգա հոմոֆոբիայի դեմ եւ համապատասխան բովանդակությամբ ցուցապաստառներ կպարզի։ Նրանք կարգախոսներ են վանկարկելու եւ պահանջելու են «հավասար պայմաններ առանց փոխզիջումների»։
Բացի այդ, ինչպես հայտնել է միջոցառման համակարգող Սերգեյ Պրադեդը, ակցիայի մասնակիցները հետամուտ են Բելառուսում ծիածանի գույներով դրոշի գրանցմանը։
Այս պիկետին Մինսկի իշխանությունները դրոշները չեն թույլատրել, գրում է «Ինտերֆաքսը»։
Սեքս-փոքրամասնությունների ներկայացուցիչներն ավելի վաղ եւս փորձել էին Մինսկում ակցիաներ իրականացնել, սակայն այդ փորձերը կանխվել էին իշխանությունների կողմից։ 2010 թվականի մայիսին ոստիկանությունը ցրել էր ցուցարարներին, 10 մարդ ձերբակալվել էր։





























