Այս օրերին Շիրակի մարզային հեռուստատեսություններով հեռարձակվում է Գյումրիի քաղաքապետարանի մի ուշագրավ հայտարարություն, որն ավելի շատ նման է նախազգուշացման կամ վերջնագրի:

Ինչպես նշում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն, վերջինս ուղղված է 2010 թ. Մուշ-2 թաղամասում բնակարան ստացած այն անօթեւան ընտանիքներին, ովքեր տնակներում չեն բնակվում եւ մինչեւ օրս չեն տեղափոխվել բնակվելու նորակառույց բնակարաններում: Հայտարարության համաձայն` կիրականացնեն բնակարանների վերաբաշխում, եթե այդ ընտանիքները շուտափույթ կերպով չբնակեցնեն Մուշ-2 թաղամասի իրենց բնակարանները: Հայտարարությանը կից ընթերցվում են նաեւ տասնյակ քաղաքացիների անուն- ազգանուններ:

Այս առնչությամբ «Շիրակ կենտրոնը» նշում է. «Այստեղ զարմանալին մասնավորապես այն է, որ աղետի գոտում երկրաշարժից անօթեւան ընտանիքներին բնակարանների բաշխումն իրականացվում է ՀՀ կառավարության 1999-ի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման համաձայն (http://shirakcentre.org/images/stories/pdf_orensdrutyun/4321%20voroshum_doc.pdf), որում նման պատճառաբանությամբ բնակարանների վերաբաշխում պարզապես նախատեսված չէ: Առավել եւս, ՏԻՄ-երի ղեկավարներից, ինչպես նաեւ մարզպետներից դեռ վաղուց է վերցված անօթեւան ընտանիքներին համապետական միջոցներով կառուցված բնակարանների բաշխման գործառույթը: Եվ ՀՀ կառավարության մեկ այլ` 2008 թ. նոյեմբերի 6-ի 1288-ն որոշման համաձայն բնակարանները հատկացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարը, իր հրամանով ստեղծված հանձնաժողովի միջոցով: Ավելին, գործող օրենսդրությամբ, պետության եւ բնակարան ստացած քաղաքացիների միջեւ կնքվող պայմանագրերի համաձայն, բնակարանները Մուշ-2 թաղամասում հատկացվում են անվարձահատույց, իսկ 23 տարի պարտադրված անօթեւանի կարգավիճակում գտնված քաղաքացիները այլեւս իրենցը համարվող բնակարանների պատկանելությունը որոշում են զուտ սեփական հայեցողությամբ:

Ուստի գոնե մեզ համար անհասկանալի է մնում որեւէ օրինական հիմք չունեցող նման բովանդակությամբ հայտարարության տարածման տրամաբանությունը:

Անտարակույս, կարելի է ընդամենը գուշակել նման քայլի դրդապատճառը: Գուցե դա արվում է Մուշ-2 թաղամասի բնակեցումն արագացնելու նպատակով: Բայց մի՞թե ընդունելի կարելի է համարել ընտրված մեթոդը, այն է` իշխանության մակարդակով, օգտվելով քաղաքացիների անիրազեկությունից, նրանց թյուրիմացության մեջ գցելը եւ բնակեցումը չհիմնավորված վերջնագրերի ճանապարհով արագացնելը: Եթե այնուամենայնիվ հենց դա է նման քայլի դրդապատճառը, ապա ուզում ենք հավաստիացնել, որ ընտրված մեթոդը հաստատ լավագույնը չէ:

Ցավում ենք, որ Մուշ-2 թաղամասի բնակեցման ձգձգումների վերաբերյալ առավել լուրջ ուսումնասիրություններ եւ վերլուծություներ կատարելու, քաղաքացիների տեղափոխման ձգձգումների հիմնական պատճառները վեր հանելու եւ դրանց վերացմանն օգնելու, տեղափոխման գործում դժվարություններ ունեցող սոցիալապես առավել ծանր պայմաններում գտվող ընտանիքներին շոշափելի աջակցություն ցուցաբերելու փոխարեն ընտրվել է նման մեթոդ: Հուսով ենք` մեր այս հայտարարությունից հետո կդադարեցվի նման բովանդակությամբ եւ առհասարակ որեւէ օրինական հիմք չունեցող հայտարարություն-զգուշացումների հրապարակումների ավանդույթը:

Վերջում նաեւ ավելացնենք, որ անցած ամսին Գյումրու քաղաքապետարանի կողմից հեռարձակվում էր նմանատիպ մեկ այլ հայտարարություն եւս, որում մասնավորապես ասվում էր, թե Մուշ-2 թաղամասում 2010 թվականին բնակարան ստացած ընտանիքները պարտավոր են մինչեւ սույն թվականի փետրվարի 28-ը տեղահանել իրենց ժամանակավոր կացարանները: Հակառակ դեպքում քաղաքապետարանը սպառնում էր փետրվարի 28-ից հետո տնակները տեղահանել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից` առանց հաշվի առնելու տվյալ կացարանները տնօրինողների կարծիքը: Այդ հայտարարության կապակցությամբ եւս մենք պարտադրված էինք հայտնել մեր հրապարակային մտահոգությունը, որով հանրապետական, մարզային եւ տեղական իշխանություններին կոչ արեցինք առանց այդ էլ մեծ վիշտ ու զրկանքներ կրած անօթեւաններին եւս մեկ անգամ չպատճառել անհանգստություն եւ ինչպես անցած, այնպես էլ ընթացիկ տարում բնակարան ստացող բազմանդամ ընտանիքներին թույլատրել պահպանել իրենց ժամանակավոր կացարանները, այդպիսի ընտանիքներին հնարավորություն տալ անվճար օրինականացնելու իրենց ժամանակավոր կացարանները տարածքների հետ մեկտեղ: Ի դեպ, մեր այդ հայտարարությունից անմիջապես հետո դադարեցվեց մարզային հեռուստատեսություններով քաղաքապետարանի այս հայտարարություն-նախազգուշացման հեռարձակումը»: