Սա քաղաքական գործընթաց է, որն ընթանում է Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերի շրջանակներում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով խորհրդարանի ազատ արձակման ընտրված տարբերակին։
«Կարող էր այս ձեւով արվեր, կարող էր եւ առաջադրում չլինել եւ դրանով էլ հնարավոր էր խորհրդարանն ազատ կարձակվեր։ Ընտրությունը կախված է քաղաքական ուժերի կամքից։ Կողքից չի կարելի գնահատել»,– ասաց նա։
Հարցին՝ արդյոք կա սահմանադրական ճգնաժամ, Գագիկ Հարությունյանն արձագանքեց. «Ամեն ինչ կանխատեսել հնարավոր չէ։ Կա սահմանադրական հավասարակշռության լուրջ խախտում։ Այդ խախտումը հետեւյալն է. խորհրդարանական կառավարման համակարգում պետք է լինի կայուն մեծամասնություն, եթե դա չի ձեւավորվում ընտրությունների առաջին փուլով, պետք է լինի երկրորդ փուլ, եթե այդ դեպքում էլ չի լինում խորհրդարանական կայուն մեծամասնություն, ապա լինում է նոր ընտրություն։ Եթե կայուն մեծամասնություն չի ձեւավորվում, ապա դա բերում է սահմանադրական հավասարակշռության լուրջ խախտման։ Եթե խախտվել է դա, ապա կարող է առաջանալ լուրջ սահմանադրական ճգնաժամ։ Այսինքն, արդեն իսկ եթե անհնար է ԱԺ–ի ներսում կայուն մեծամասնության երաշխավորումը, ապա անխուսափելի է դառնում արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Դրան հասնելու համար կարող էր լինել եւս մեկ այլ ճանապարհ։ Սահմանադրությունն ավելի խորն ուսումնասիրելու դեպքում հարց կառաջանար՝ ինչու որոշ հոդվածների փոփոխությունը թողվեց խորհրդարանին, իսկ մի քանիսն էլ՝ հանրաքվեին։ Պատճառն այն է, որ հնարավոր լիներ հեշտացնել այդպիսի իրավիճակներում իրավաչափ ելքերը։ Կարող էր նոր խորհրդարանն իր կամ Կառավարության նախաձեռնությամբ, կամ 15 հազար ընտրողների ստորագրությամբ փոփոխություն կատարել 92–րդ հոդվածում եւ ավելացնել դրույթ՝ եթե իրավիճակն այնպիսին է, որ անհնարին է ձեւավորել կայուն մեծամասնություն, ապա ԱԺ–ն արձակվում է։ Իրավիճակն այսպես կշարունակվի, մինչեւ կայուն խորհրդարանի ձեւավորումը։ Սրանք քաղաքակիրթ ճանապարհներն են, ընտրվեց այս մեկը»։
Նշենք, որ եթե այսօր Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ, խորհրդարանն օրենքի ուժով կարձակվի։



























