Երեւանի Աբովյան 5-ում կասեցվել է ապօրինի շինարարությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը։
«Աբովյան 5-ում կասեցվեց ապօրինի շինարարությունը: Կարիք եղավ ներգրավել նաև ոստիկանական ուժեր: Կառուցապատողները պետք է հասկանան, որ դիմադրելը սխալ է և միայն ավելորդ լարվածություն է առաջացնում: Երևանում ապօրինություններ չեն լինելու»,–գրել է նա։
Նշենք, որ ըստ լրատվամիջոցների՝ այս հասցեում է կառուցվում «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցի երևանյան մասնաճյուղը։ Հյուրանոցի շինարարությունն իրականացնում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ «Մուլտի Գրուպ Կոնցեռնը» նշված հասցեում ապօրինի շինարարություն չի իրականացնում:
Նա նշեց, որ հունիսի 25-ին «Մուլտի Գրուպ Կոնցեռնը» նշված հասցեում շինարարական աշխատանքների թույլտվության վերաբերյալ գրությամբ դիմել է Երեւանի քաղաքապետարան, սակայն պատասխան չի ստացել։
Պատգամավորը, վկայակոչելով «Վարչարարության հիմքունների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածը, նշեց, որ եթե գրությանը սահմանված ժամկետով պատասխան չի տրվում, ապա կառուցապատողն իրավունք ունի գործունեություն իրականացնել։


























