Աբովյան 5/1, 5/2 և 5/5 հասցեներում իրականացվող առերևույթ ապօրինի շինարարությունը կասեցվել է՝ քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրման նպատակով:

Այս մասին NEWS.am-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Այս առնչությամբ քաղաքապետարանի տարածած մամուլի հաղորդագրությունում ասվում է. «Երևանում շինարարության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է նախագիծը միջանկյալ համաձայնեցնել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության հետ»:

Քաղաքապետարանը հիշեցնում է, որ տվյալ կառույցների եզրակացություններն ստանալուց հետո միայն շինարարություն իրականացնող ընկերությունը դիմում է Երևանի քաղաքապետարան՝ ստանալու շինթույլտվություն:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցների՝ այս հասցեում կառուցվում  է «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցի երևանյան մասնաճյուղը։ Հյուրանոցի շինարարությունն իրականացնում է  ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը։