Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ փետրվարի 16-ին Աբովյան քաղաքում մասնակցել է «Արփիմեդ» դեղագործական ընկերության ստերիլ հոսքագծերի նորաստեղծ արտադրամասերի բացման արարողությանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա շրջել է GMP չափանիշներով ներդրված ստերիլ տարածքներով եւ ծանոթացել արտադրանքի առաջին նմուշներին: «Արփիմեդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Վաչագան Ղազարյանը վարչապետին է ներկայացրել ժամանակակից սարքավորումներով հագեցած կլինիկական, մանրէաբանական եւ գիտական լաբորատորիաներում հումքի, միջանկյալ եւ պատրաստի արտադրանքի որակի հսկման գործընթացի մանրամասները:

Շնորհավորելով ընկերության ղեկավարությանը եւ աշխատակազմին` Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել ստերիլ դեղաձեւերի նոր հոսքագծերի ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքները. ««Արփիմեդ» ընկերությունն ստեղծել է ժամանակակից չափանիշներին համապատասխան աշխատատեղեր, նաեւ ներդրել  այնպիսի միջազգային չափանիշներ, որոնք հնարավորություն են տալու Հայաստանում արտադրված դեղորայքը մեծ ծավալով արտահանել եւ վաճառել միջազգային շուկաներում: Ստեղծվել են  նոր աշխատատեղեր. այսօր «Արփիմեդ»-ում աշխատում է 140 մարդ, եւ միջին աշխատավարձն այստեղ ավելի բարձր է` շուրջ 140 հազար դրամ, քան հանրապետությունում»:

Նշելով, որ դեղագործությունը` որպես հեռանկարային ոլորտ գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, վարչապետն ընդգծել է. «Մենք պետք է բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի դեղագործությունը մեծ թափով զարգանա: Դա նշանակում է, որ ավելի լավ պետք է ներկայացնենք մեր սպառողներին, որ Հայաստանում արտադրված դեղերի որակը բավական բարձր է, համապատասխանում է միջազգային չափանիշներին, եւ այս դեղերի գինը մատչելի է, ինչը մեզ համար ունի էական նշանակություն, մանավանդ որ գնաճային ճնշումների ներքո դեղերի  գների աճի զսպումը հետագա տարիների համար ունենալու է էական նշանակություն: Համոզված եմ, որ նոր արտադրամասերն ու նոր սարքավորումները հնարավորություն կտան արտադրել  բարձր որակի դեղորայք: Առողջապահության նախարարությունը նույնպես ձեռնարկելու է  միջոցառումներ, որպեսզի մեր առողջապահական հիմնարկներն օգտվեն այդ դեղերից»: