Ներդրումային միջավայրի փոփոխության մասին կարգախոսները միայն բավարար չեն արտադրության ոլորտում ֆինանսներ ներգրավելու համար: Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ հանիպման ժամանակ ասաց «Հայրենական արտադրողների միության» ՀԿ նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Փորձագետի խոսքով՝ արդյունաբերության ոլորտում լուրջ ներդրումային միջավայր ստեղծելու համար օրենսդրական բարեփոխումներ են անհրաժեշտ:

«Արտադրության ոլորտում ներդրումների ներգրավման լուրջ հիմքեր ստեղծելու համար անհրաժեշտ է արտադրության մասին օրենսդրության բարեփոխումներ կատարել: Առանց այս ոլորտի իրավական կարգավորման՝ ներդրողը չի դիմի չհիմնավորված ռիսկերի»,- նշեց Վազգեն Սաֆարյանը:

Ինչպես նշեց փորձագետը, բարեփոխումների օրենսդրական բազան պետք է կողմնորոշվի ներքին արտադրողի պաշտպանության ուղղությամբ:

«Մենք 11 ծրագիր ենք ներկայացրել (մետաղագործություն, Աջափնյակում Երեւանի մետրոյի կառուցում, Երեւանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցում, Վանաձորի քիմկոմբինատի գործարկում եւ այլն), որոնք կապված են արդյունաբերական հիմնական ճյուղերի զարգացման հետ, որոնց իրականացումը Հայաստանի տնտեսության մեջ արտադրության բաժինը կարող է մեծացնել ՀՆԱ ներկայիս 13 տոկոսից մինչեւ ավելի շոշափելի թվեր»,- շեշտեց նա:

Ինչպես նշեց Վազգեն Սաֆարյանը, ներկայիս իշխանությունները դեռեւս չեն արձագանքել ներկայացված ծրագրերին՝ վկայակոչելով Նիկոլ Փաշինյանի զբաղվածությունը եւ նախընտրական արշավը: