«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Եթե հարեւան երկրում ավտոմեքենա մաքսազերծելը երկու անգամ ավելի էժան է, քան մեզ մոտ, դա նշանակում է միայն մի բան, որ այդ երկրի իշխանությունը քո երկրի իշխանությունից ուղիղ երկու անգամ ավելի խելացի է։ Նա քեզ վրա տանկ չի քշում, քո կյանքին չի սպառնում, այլ վարվում է այս դարին համահունչ, այնպես է անում, որ քո քաղաքացուն ավելի ձեռնտու լինի իր մոտ փող ծախսել, քան սեփական երկրում։ Հիմա մերոնք ուզում են ուժային մեթոդներով, ոստիկանության միջոցով հետապնդել վրացական համարանիշներով վարորդներին, այսինքն՝ ստիպել քաղաքացիներին, որ նրանք Հայաստանում նույն ծառայության համար վճարեն երկու անգամ ավելի թանկ։ Նման ուժային պայքարն արդյունավետ չի լինի, տնտեսական շահն ավելի ուժեղ է, քան ոստիկանի վախը՝ մարդիկ «դրա խաթր» պատրաստ են նույնիսկ Վրաստանի քաղաքացի դառնալ։
Լուծումը մակերեսի վրա է. հավասարեցնել մաքսազերծումը վրացականին՝ մեր պետությունը դրանից շահելու է նաեւ տնտեսապես։ Էլ չենք խոսում ցույցերի եւ սոցիալական բողոքների մասին, որոնք մեր կառավարությունը կարծես դիտմամբ է հրահրում։ Նույնը մասնավոր բիզնեսի խնդիրն է։ Եթե հարեւան երկրի տնտեսական օրենսդրությունն ավելի լիբերալ է, եթե այնտեղ «գործ դնելու» համար արտոնություններ են տրվում, եթե ստուգող մարմինների կոռուպցիայի մակարդակն էապես ավելի ցածր է, ապա որքան ուզում ես հայրենասիրական ճառեր արտասանիր, միեւնույն է՝ գործարարները կապիտալը տեղափոխելու են այնտեղ, որտեղ իրենց համար ավելի հարմար է աշխատել։ Մեր կառավարության կողմից գործարարության համար ստեղծված վատ պայմանները ավելի վտանգավոր են, քան հակառակորդի փամփուշտները»:





























