Հայաստանի ԱԳ նախարարությունը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է թուրքական ԶԼՄ-ների տարածած՝ հոկտեմբերի 12-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունների հնարավոր ստորագրման տեղեկատվությունը։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը այդ հարցի շուրջ պատասխանեց, որ ԱԳ նախարարությունը արձանագրությունների նախաստորագրման վերաբերյալ պատշաճ ձեւով կտեղեկացնի լրատվամիջոցներին։

Հիշեցնենք, որ այսօր թուրքական Hurriyet թերթը տեղեկատվություն է տարածել, թե Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ նախաստորագրված արձանագրությունները ստորագրել ամենաուշը՝ հոկտեմբերի 12-ին։ Ինչպես հայտնում է թերթը, արձանագրությունները կստորագրվեն Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ՝ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլու կողմից Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում, քանի որ Երեւանի եւ Անկարայի բանակցությունների միջնորդը այդ երկիրն է հանդիսացել։

Ինչ վերաբերում է Հայաստանի ԱԳ նախարարության ղեկավարի Նյու Յորքում Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում հանդիպումների ծրագրին, Բալայանը նշեց, որ այն դեռ ճշտված չէ։ Նրա խոսքերով, Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում կգտնվի սեպտեմբերի 26-29-ը։