Նավթի համաշխարհային գները կրկին փլուզվել են։ Այսպես, նոյեմբերի 23-ի, տեղական ժամանակով ժամը 14։00-ի դրությամբ Brent էտալոնային նավթի ֆյուչերսային գները իջել են բարելի համար 62 դոլար ցուցանիշի։ Նոյեմբերի 1-ի միջին օրական ցուցանիշների հետ համեմատած՝ անկումը բարելի համար հասել է մոտ 11 դոլարի (կամ 15 տոկոսի)։ Եւ, կարծես թե սա դեռ վերջը չէ։

Ռուսաստանի արժութային շուկան այս փոփոխություններին արձագանքեց ԱՄՆ դոլարի հանդեպ ռուբլու որոշակի «թուլացմամբ»։ Ռուսաստանում ԱՄՆ դոլարի Brent-ի գնից հակառակ կախվածությունը երեւում է ստորեւ բերված գրաֆիկում (որում բացարձակ տվյալներ են՝ ըստ նոյեմբերի օրերի)։ Ճիշտ է, ԱՄՆ դոլարի կուրսը Կենտրոնական բանկը նոյեմբերի 24-ի համար մի քիչ (0,06 կոպեկով) նվազեցրել է։

Նավթի գները զանազան հաղորդագրությունների պատճառով բորսայում մշտապես տատանվում են։ Օրինակ, գների վերջերս տեղի ունեցած փլուզումը կապում են Սաուդյան Արաբիայի (նավթի արտահանման համաշխարհային առաջատարներից մեկի) հետ «բարեկամական» հարաբերություններ պահպանելու Թրամփի հայտարարության հետ։

Ենթադրվում է, որ ի պատասխան՝ Սաուդյան Արաբիան «կձգտի» չկրճատել (գուցե նաեւ ավելացնել) նավթի արդյունահանման ծավալը՝ նպաստելով համաշխարհային շուկայում դրա ավելցուկի առաջացմանը։ Այդ դեպքում ռեկորդային գներին վերադարձը մոտակա հեռանկարում քիչ հավանական է։ Եթե իհարկե չլինեն այլ, նույնքան «սենսացիոն» հայտարարություններ կամ ֆորս-մաժորային իրադարձություններ։

Կարելի՞ է միջնաժամկետ հեռանկարում սպասել նավթի գների նվազման։ Որոշ հաշվարկներով համաշխարհային սպառման հում նավթի ծավալի մոտ 2/3-ը բաժին է ընկնում տրանսպորտին։ Դա հիմնականում բենզինն ու դիզելային վառելիքն են՝ ներքին այրման շարժիչով (ՆԱՇ) ավտոմեքենաների համար, ինչպես նաեւ՝ ավիավառելիքը՝ ինքնաթիռների համար։

Թեեւ էլեկտրամոբիլների արտադրությունը հետեւողականորեն աճում է, ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաները եւս անշեղորեն ավելանում են՝ հիմնականում զարգացող երկրների հաշվին։ Նավթի համաշխարհային գների նվազումը, այստեղից էլ բենզինի եւ դիզվառելիքի գների նվազումը կխթանի ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների պահանջարկը։

Ստացվում է մի տեսակ փակ շրջան՝ ՆԱՇ ավտոմեքենաների ավելացումը նպաստում է բենզինի եւ դիզվառելիքի օգտագործման աճին, ինչը հանգեցնում է նավթի թանկացմանը։ Արդյունքում, բենզինի գների աճի պատճառով ՆԱՇ ավտոմեքենաների սպառողական պահանջարկը կնվազեցնի։ Սակայն դա այլընտրանքային էլեկտրամոբիլների պահանջարկի ադեկվատ աճ չի առաջացնի։ Այս պահին էլեկտրամոբիլները բարձր գների պատճառով (քանի որ մարտկոցը թանկ է) չեն կարող արդյունավետորեն մրցակցել ՆԱՇ ավտոմեքենաների հետ։

Սակայն հաշվի առնենք, որ ժամանակին, այսպես կոչված, «թերթաքարային նավթը» (որն իրականում նավթ չի հանդիսանում) համարվում էր ոչ հեռանկարային։ Սակայն դրա հանքարդյունահանման տեխնոլոգիաների (որ էականորեն տարբերվում է «սովորական» նավթինից) կատարելագործումը թույլ է տվել ապահովել դրա շահավետությունը նավթի համաշխարհային գների որոշակի մակարդակի պայմաններում։ Որոշ գնահատականներով՝ տառացիորեն մի քանի տարի հետո էլեկտրամոբիլները մանրածախ գնով կհամեմատվեն ՆԱՇ ավտոմեքենաների հետ, իսկ այնուհետեւ դրանցից էլ կէժանանան։

Այս օրերին շատ բան կախված է հանքարդյունաբերող այլ երկրներից, որոնք շահագրգռված են, որ նավթի գները բարձրանան։ Երկու շաբաթից, դեկտեմբերի 5-ին, կկայանա ՕՊԵԿ+ անդամ երկրների ներկայացուցիչների նստաշրջանը։ Ինչպես սպասվում է, այնտեղ նրանց կողմից նավթի արդյունահանման կրճատման որոշում կընդունվի։ Գները կարող են աճել, բայց որքանով՝ դեռ պարզ չէ։

Նկատենք, որ ռուբլու հետ կապված իրավիճակը այնքան էլ կրիտիկական չէ։ Օրինակ՝ սեպտեմբերի 12-ին դոլարի կուրսը համարյա հասավ կրիտիկական կետի՝ 70 ռուբլու, սակայն հետո նվազեց մինչեւ նախկին ցուցանիշներ։ Անորոշություն կա կապված Ռուսաստանի դեմ ԱՄՆ առաջիկա պատժամիջոցների հետ, հայտնի չէ՝ կսահմանվեն արդյոք դրանք հունվարին եւ հատկապես ինչ միջոցառումներ կներառեն։

Սմբատ Գրիգորյան