Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը,  դատավոր Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ որոշում կայացրեց կալանավորել քրեական հեղինակություն համարվող Ալավերդցի Վահագնից՝ Վահագն Աբգարյանից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, ինչպես նաեւ՝ իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող  ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանին։  Դատարանի որոշումն ուղարկվելու է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում՝ օրենքով սահմանված կարգով կատարման համար։

Նշենք, որ Շուշանյանին կալանավորելու միջնորդությամբ հանդես էին եկել մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։

Դատարանի որոշմամբ, նույն գործի շրջանակներում կալանքի տակ գտնվող ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվեց և նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից, իսկ  կալանքի տակ գտնվող ՀԿԳ քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով նախկին  ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ երեք միլիոն դրամ գրավը թույլատրելի ճանաչվեց: Դատարանի դեպոզիտ հաշվին համապատասխան գումարը վճարելուց հետո Հարությունյանն ազատ կարձակվի կալանքից։

Նշենք, որ 2018թ. մայիսի 30-ին  Տաթեւիկ Գրիգորյանի որոշմամբ Թաթուլ Շուշանյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից, ապա Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կրկին կալանավորվել: Հոկտեմբերի 20-ին Շուշանյանն ազատ էր արձակվել ՔԿՀ-ից, քանի որ  լրացել էր նրան կալանքի տակ պահելու ժամկետը: Նշենք, որ այդ ընթացքում գործը գտնվել է Վճռաբեկ դատարանում, որը պետք է որոշեր գործի ընդդատության հարցը: