ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 28-ին կայացած նիստում քննարկվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման մասին հարցը։

Հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության եւ «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջեւ 2016 թվականի նոյեմբերի 21-ին կնքված վարձակալության պայմանագրի եւ ընկերության լիցենզիայի պայմաններով ամրագրված սակագնի ճշգրտման գործոնները, ինչպես նաեւ՝ հաշվի առնելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի եւ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջեւ 2018 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը (որի համաձայն հաշվարկված 202,272 դրամ/խմ սակագնից 10,858 դրամ/խմ մեծությունը, համապատասխան ճշգրտումներից հետո, տեղափոխվել է 2025 թվական), որոշեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման գումարային սակագինը ճշգրտել եւ սահմանել 191,414 դրամ/խմ՝ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։

Հանձնաժողովի սահմանած սակագնից 11,414 դրամ/խմ մեծությունը սուբսիդավորելու մասին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության գրությամբ ներկայացված տեղեկությունն ընդունվեց  ի գիտություն։ Արդյունքում՝ բաժանորդները խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների համար 2019 թվականին եւս կշարունակեն վճարել գործող 180 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնով։

Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թվականի հունվարի 1-ից։

Մինչեւ 2024 թվականը ջուրը չի թանկանա. Փաշինյան