Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացնելու եւ պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզի 43-ամյա բնակչին:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Կոտայքի մարզի 43–ամյա բնակիչը, խախտելով «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 2010թ. մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, չունենալով թմրամիջոցներ ձեռք բերելու, պատրաստելու եւ վերամշակելու գործունեություն իրականացնելու իրավունք, գումար վաստակելու համար, մարտ-ապրիլին ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց եւ իրացրել Կոտայքի մարզի մեկ այլ բնակչի:
Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է նաեւ այն անձի ինքնությունը, որին իրացվել է թմրամիջոցը:
Մասնավորապես՝ պարզվել է, որ 43-ամյա տղամարդը մարտի սկզբին հանդիպել է նույն մարզի բնակչին եւ պայմանավորվածություն ձեռք բերել՝ թմրամիջոցը մաս-մաս իրացնելու շուրջ: Այնուհետեւ, ըստ պայմանավորվածության, մարտի 19-ից ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում տարբեր չափաքանակներով նա թմրամիջոց է իրացրել նույն մարզի բնակչին, իսկ մի մասն էլ ապօրինի կերպով պահել է իր «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայում եւ իր տան խորդանոցում:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կոտայքի մարզի 43-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (17 դրվագ) եւ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:





























