«Այս 18 տարիների ամենամեծ ձեռքբերումները, թերեւս, անկախ Հայաստանի կայացումն ու Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակումն են . դրանցից ոչ մեկը, սակայն, մեզ հեշտ չի տրվել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Հրայր Կարապետյանը։

Նրա խոսքերով, ղարաբաղյան պատերազմ տեսած եւ 90-ականների զրկանքների միջով անցած հայ ժողովուրդն ապացուցել է աշխարհին, որ կարող է անկախ գոյատեւել եւ իր պետականությունն ունենալ՝ այն էլ՝ մեկի փոխարեն միանգամից երկուսը:

Անդրադառնալով ՀՅԴ կազմակերպած նստացույցին եւ հացադուլին՝ Հրայր Կարապետյանը տեղեկացրեց, որ ամեն օր ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են միանում իրենց հայտարարած ակցիաներին, իսկ, որ ամենաուրախալին է, նրանց մեջ մեծ թիվ են կազմում հատկապես երիտասարդները։

Անդրադառնալով անկախության 18 տարիներին ունեցած կորուստներին՝ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամը նշեց, որ ՀՀ վարած արտաքին քաղաքականության մեջ սխալներ միշտ էլ եղել են, բայց ինքը դրանցից մեծագույնը համարում եւ առանձնացնում է հատկապես ներկայիս իշխանությունների կողմից նախաստորագրված արձանագրությունները եւ դրանցում առկա մի շարք ձեւակերպումները, որոնք, ըստ նրա, կարող են վտանգել մեր երկրի անվտանգ գոյությունը։ Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ ՀՅԴ-ն բողոքի ակցիաներ է կազմակերպել եւ ստորագրահավաք է անցկացնում հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վավերացումը խորհրդարանում կասեցնելու համար։