Հայաստանի ազգային մրցունակության հիմադրամը եւ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը համատեղ մշակում են «Բարձրագույն կրթության ծրագիրը», որը նպատակ ունի բարձրացնել հայաստանյան ԲՈՒՀ- երի հետազոտական ներուժը՝ հզորացնելով գիտություն- բարձրագույն կրթություն- տեխնոլոգիաներ կապը։
Նոր ծրագրի վերաբերյալ NEWS.am-ի թղթակիցը զրուցեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանի հետ։
Պրն. Փափազյան, ի՞նչ է իրենից ներկայացնում այս նոր ծրագիրը, ի՞նչ գիտատեխնիկական կենտրոնի մասին է խոսքը։
Մեր տարբեր բուհերում կան գերազանցության կղզյակներ, եւ ծրագիրը այնպես ենք մշակում, որ այդ գերազանցության կզղյակների հետ ակտիվ համագործակցենք։ Ցանկանում ենք ստեղծել մի ինֆորմատիկայի կենտրոն, որը կհամագործակցի հայաստանյան առաջատար բուհերի կոնկրետ ֆակուլտետների հետ եւ նոր գյուտեր առաջ բերելու հնարավորություն կտա։ Այդպիսի ներուժ տեսնում ենք ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Բիոտեխնոլոգիաների եւ Բիոինֆորմատիկայի բնագավառներում, Բրյուսովի ինստիտուտում՝ լեզվաբանության բնագավառում, ավտոմատ թարգմանություններում կամ Ճարտարագիտական համալսարանի հետ՝ արհեստական բանականության գծով։ Մեր նպատակն է ոչ միայն կապեր հաստատել երկրի ներսում տարբեր ԲՈՒՀ-երի ֆակուլտետների միջեւ, այլեւ՝ միաժամանակ կապեր հաստատել արտասահմանյան առաջատար կենտրոնների հետ եւ այդպիսով՝ փորձի եւ գիտելիքների փոխանցում իրականացնել, ինչպես նաեւ ֆինանսական հոսքեր ստեղծել դրամաշնորհների տեսքով։
Մեր նպատակն է ստեղծել մի ֆիզիկական կենտրոն, մի լաբորատորիա, որը ցանցային սկզբունքով ԲՈՒՀ- երի հետ է աշխատում եւ միաժամանակ արտասահմանի հետ է կապվում։ Այս ամենը անմիջականորեն կազդի բուհ-երի ուսումնական որակի վրա, քանի որ առեւտրային նպատակով կատարված հետազոտությունը շատ կարեւոր կոմպոնենտ է, եւ ուղղակիորեն դրական ազդեցություն կարող է ունենալ երկրի տնտեսության եւ բիզնեսի վրա։
Գիտության առեւտրայնացման խնդիրը անընդհատ շոշափվում է տարբեր օղակներում, սակայն առաջընթաց չկա։ Դուք ասացիք, որ կարեւորում եք առեւտրայնացման հարցը, ինչպես ե՞ք աջակցելու դրան։
Նախեւառաջ անհրաժեշտ է ներգրավվել միջազգային ցանցերում, կապ հաստատել արտասահմանյան կոնկրետ ԲՈՒՀ-երի կոնկրետ ֆակուլտետների եւ կոնկրետ պրոֆեսորների հետ։ Այդ գործընկերը ոչ միայն կապեր եւ փորձ կունենա, նա ծանոթ կլինի նաեւ ֆինանսական հոսքերին։ Կստեղծվի մրցակցային դաշտ, որտեղ միայն ամենամրցունակ գաղափարները գործընկերներ կգտնեն արտասահմանում։ Այդպիսով՝ կավելանա առեւտրայնացման հավանականությունը։ Այսինքն՝ գիտության առեւտրայնացման հաջողության գաղնիքը շուկաներում եւ ցանցերում ակտիվորեն ներգրավվելն է։ Փակ համակարգը չի կարող նպաստել զարգացմանը, անհրաժեշտ է համագործակցել դրսի առաջատար բուհերի եւ տեխնոլոգիական կենտրոնների հետ եւ արտասահմանյան գործընկերներ գտնել։
Ինչո՞ւ պետք է դրսի գիտնականները շահագրգռված լինեն հայ գիտնականների գյուտերի առեւտրայնացմամբ։
Դրսում շատ հետաքրքրված են մեր գիտնականների աշխատանքներով։ Օրինակ՝ մեր ֆիզիկայի ինստիտուտը, որ կոչվում է Ալիխանյանի անվան գիտական պետական ազգային լաբորատորիա, մասնագիտական միջազգային ամսագրերում շատ մեծ հեղինակություն է վայելումն։ Պարզապես այստեղ միջոցները չկան, սարքավորումները չկան, միջավայրը չկա, ֆինանսավորումը չկա։ Մեր գիտնականները այդ փորձը չունեն։ Իսկ եթե ունենան մի կապող օղակ՝ կարող են ակտիվորեն համագործակցել եւ դրամաշնորհներ ձեռք բերել։ Պետք է կապ ստեղծել արտասահմանյան համալսարանների հետ եւ նպաստել առեւտրայնացմանը։
Փաստորեն՝ ծրագրի շեշտը դրվում է առեւտրայնացման վրա, առաջնահերթությունը տալիս եք առեւտրայնացմանը։
Այո եւ ոչ։ Եթե հետաքրքրություն կա, դա նշանակում է, որ արդեն իսկ ծրագիրը անհրաժեշտ է եւ զարգացման հնարավորություն ունեցող ուղղություն է։ Մեր նպատակը բուհ-ի առեւտրայնացումը չէ, այլ բուհերի որակի բարձրացումը, մրցունակությունը, հետազոտական կարողությունները բարձրացնելը։ Փորձը ցույց է տալիս, որ այն բուհերը, որոնք չունենք հետազոտական առեւտրայնացմանի կենտրոն, դժվար թե համարվեն առաջատար բուհեր։ Արտասահմանյան առաջատար բուհերը հետազոտական բուհեր են, օրինակ՝ Հարվարդ, Օքսֆորդ եւ այլն։ Անհրաժեշտ է հետազոտական ներուժը բարձրացնել։
Ինչպե՞ս եք դա պատրաստվում անել։
Ներկայումս քննարկվում է արտասահմանից պրոֆեսորներ հրավիրելու հարցը, որոնք դասախոսություններ կկարդան եւ դրամաշնորհների հարցում կօգնեն համեմատաբար մրցունակ պրոֆեսորներին։ Երկրորդ՝ ընդհանուր օգտագործման սարքավորում գտնել, հզոր գերհամակարգիչներ ձեռք բերել եւ ստեղծել համագործակցության միջավայր։
Որքա՞ն գումար արժե այս ծրագիրը։
Այս ծրագիրը 3-5 տարվա ծրագիր է, անհրաժեշտ է 10 մլն դոլարի ներդրում, որի մեծ մասը այլ աղբյուրներից պիտի գոյանան՝ դրամաշնորհ կամեւ ներդրում։ Մի սփյուռքահայի հետ ներկայում բանակցում ենք տարածք ձեռք բերելու համար։ Հետագայում տարածքը կտանք վարձակալության եւ այն կլինի ինքնաֆինանսավորվող։ Այդ միջոցների հաշվին կտանք դրամաշնորհներ եւ այլն։ Եթե մենք էլ ներդրում անենք, դրսից ներդրումները կավելանան, կենտրոնը ինքնաբերաբար նոր գումարներ կբերի։ Մենք ներկայում մշակում ենք հայեցակարգ, եւ միեւնույն ժամանակ նաեւ ֆինանսավորում ենք փնտրում։
Հարցազրույցը՝ Լուսինե Մովսիսյանի





























