Փարիզի Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում (ՄՀՖԻ) մարտի 8-ին տեղի կունենա հանդիպում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որը կվարի Ինստիտուտի գործադիր տնօրեն Դոմինիկ Դավիդը, հաղորդում է ինստիտուտի կայքը: 17 տարի անց 1994թ. զինադադարից, ո՞ր փուլում է ղարաբաղյան հակամարտությունը, ի՞նչ զարգացումներ են հնարավոր մոտ ապագայում, ի՞նչ դեր է խաղում Մինսկի խումբը. սրանք են հանդիպմանը քննարկվելիք հիմնական հարցերը:

Համաձայն Foreign Policy ամսագրի 2010թ. հունվարի համարի, 2009թ. երեք տարի անընդմեջ ՄՀՖԻ-ն դասվել է ԱՄՆ-ից դուրս աշխարհի 10 ամենաազդեցիկ վերլուծական կենտրոնների շարքը: Փենսիլվանիայի Համալսարանի անցկացրած այս հետազոտությունն ընդգրկում էր 170 երկրի 5500 վերլուծական կենտրոններ:

ՄՀՖԻ-ում աշխատում են մոտ 70 մարդ, որոնցից 40-ը տարբեր ոլորտների ֆրանսիացի եւ օտարերկրացի վերլուծաբաններ են: Նրանց ավելի քան 50 տոկոսը 40 տարեկանից ցածր է:

Բացի հետազոտական աշխատանքներից ՄՀՖԻ-ն ամեն տարի կազմակերպում է բազմաթիվ միջազգային դեբատներ եւ կոնֆերանսներ ֆրանսիացի եւ համաշխարհային առաջատար դեմքերի մասնակցությամբ: Վերջին տարիների հյուրերի թվում կարելի է հիշել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին, Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիին, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշենկոյին, Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուին, Չեխիայի նախագահ Վակլավ Կլաուսին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին, Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամիին, Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆին եւ այլոց:

Ինստիտուտի տարեկան հրատարակությունն է «Ramsès»  պարբերականը` նվիրված համաշխարհային գլխավոր միտումներին: Այն նաեւ լույս է ընծայում «Արտաքին քաղաքականություն» եռամսյա պարբերականը: