Ռուսաստանյան «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի խմբագրակազմը խոստովանել է, որ սեպտեմբերի 21-ին տպագրված «հարցազրույցը» Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, իրականում կեղծիք է, եւ իրենք պատրաստ են ներողություն խնդրել:

«Մենք խոստովանում ենք, որ սեպտեմբերի 21-ին մեր թերթում հրապարակված „Երեւան, բարեկամություն հիշող“ հոդվածում խմբագրության սխալի պատճառով օգտագործվել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից մեջբերված խեղաթյուրված հատվածներ ու, բացի այդ, հոդվածի մասին տեղյակ չի պահվել Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը»,- «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Վադիմ Պոեգլին եւ հավելել. «Խմբագրությունը ներողություն է խնդրում, մեղավորները կպատժվեն: Սա մեր սխալն է, եւ մենք նորից ներողություն ենք խնդրում»:

Խմբագրի տեղակալը հայտնել է, որ ներողության տեքստն արդեն չորեքշաբթի օրվա համարում կլինի։

Հիշեցնենք, որ երկուշաբթի «Մոսկովսկի կոմսոմոլեց» օրաթերթը հրապարակել էր լրագրող Եկատերինա Սաժնեւայի «հարցազրույցը» Սերժ Սարգսյանի հետ, որտեղ Հայաստանի նախագահը իբր անդրադարձել էր հայ -թուրքական, հայ -վրացական եւ հայ — ադրբեջանական հարաբերություններին եւ, մասնավորապես, ասել էր, որ Հայաստանը ոչ մեկին հաճոյանալու համար Վրաստանի հետ չի թշնամանա։

Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը հայտարարել էր, որ այդ հարցազրույցը իրականում տեղի չի ունեցել, որ հարցազրույցում նշված հարցերը այդ օրը չեն հնչեցվել, եւ նախագահի խոսքերը ամբողջությամբ խեղաթյուրված են, որոշ մտքեր էլ պոկված են համատեքստից։ Ֆարմանյանը ընդգծել էր, որ այդ լրագրողին եւ ընդհանրապես «Մոսկովսկի կոմսոմոլեց» օրաթերթին Հայաստանի նախագահը որեւէ հարցազրույց չի տվել: