Տարբեր գազաններ տարբեր կերպ են քայլում: Կան այնպիսք, որոնք մեզ պես հենվում են ամբողջ թաթի վրա, դրանց անվանում են թաթագնացներ: Կան այնպիսիք, որ հենվում են մատների բարձիկներին եւ քայլում են կարծես մատների վրա․ դրանք կոչվում են մատնագնացներ: Ի վերջո, շատերի մատները սմբակավորվել են․ դրանք սմբակավորներն են։
Ռիդինգի եւ Կիոտոյի համալսարանների հետազոտողները գրում են, որ առաջին կաթնասունները եղել են թաթագնացները, եւ ամեն անգամ, երբ նրանք յուրացրել են տեղաշարժման նոր միջոց, ցամաքային կաթնասունները չափերով ավելի են մեծացել, գրում է «Наука и жизнь»-ը՝ վկայակոչելով Proceedings of the National Academy of Sciences-ի հոդվածը: Հոդվածի հեղինակները համեմատել են կենդանիների 880 տեսակի քայլելու ոճի փոփոխությունը էվոլյուցիոն ծառի հետ:
Կաթնասունների մեծամասնության մոտ հեշտ է հասկանալ, թե ինչպես են նրանք քայլում։ Օրինակ՝ մկները թաթագնաց են, կատուներն ու շները մատնագնաց են, ձիերի մասին էլ խոսել չարժի: Սակայն, օրինակ, փղերը, թեեւ իրենց ոտքերին ունեն սմբակներ, բայց, մեկ է, այնպես չեն քայլում, ինչպես ձիերը․ փղերի ոտնահետքը բավական հարթ է, դրա վրա ճնշումը հավասարաչափ չի բաշխված՝ գետնի վրա ամենաթույլը կրունկն է դնում, իսկ ամենածանր քաշը բաժին է ընկնում մատներին, հատկապես կողային մատներին։
Այսինքն, փղերը ոչ թե ուղղակի մատների վրա են քայլում, այլ, եթե կարելի է այդպես ասել, «կողային մատների վրա»: Նմանատիպ իրավիճակ է նաեւ ռնգեղջյուրների մոտ՝ չնայած սմբակներին, նրանց դասում են մատնագնացների շարքը։
Շատ պեղված կենդանիներից կարելի է հասկանալ, թե ինչպես են նրանք քայլել, հատկապես այն պատճառով, որ ժամանակակից տեսակների հետ դրանց կապը հաճախ լավ հայտնի է: Արդյունքում պարզվել է, որ կրծողներ հիշեցնող «նախակենդանիները», ինչպես վերը նշեցինք, քայլել են ամբողջ թաթին հենված։ Սակայն պարզվել է, որ շարժման հետագա փոփոխություններն ուղեկցվում էին մարմնի չափի կտրուկ փոփոխություններով. Երբ ի հայտ եկավ մատների վրա քայլելը, միջին հաշվով կրկնապատկվեց կաթնասունների չափը, իսկ նրանք, որոնք կանգնեցին սմբակների վրա, դարձան մատնագնացներից 57 անգամ ավելի մեծ:





























