«168 ժամ» օրաթերթը զրուցել է  նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ` արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխությունների մասին:  «Շատ կարեւորագույն բան տեղի ունեցավ, բոլոր դիկտատորները գիտակցեցին, որ իրենց ամենակարեւոր զենքը՝ մարդկանց հիմարացնելու եւ պետական պրոպագանդա տանելու միջոցով մարդկանց սուտը հրամցնելու դարն անցել է։ Նոր տեխնոլոգիաների զարգացումը հասարակությանը հնարավորություն է տալիս ավելի իրազեկ լինել եւ ավելի հստակ պայքարել իր իրավունքների համար։ Եվ դա է, թերեւս, պատճառը, որ ԱՄՆ արտաքին գերատեսչության բոլոր ղեկավարների վերջին հայտարարություններում շատ ավելի շեշտադրվում է ժողովրդավարական փոփոխությունների կարեւորությունը, մարդու իրավունքների պաշտպանության հարցերը։ Լուրջ բանավեճ կա արդեն ամերիկյան հասարակությունում, թե ինչքանով է կարեւոր մարդու իրավունքների եւ ժողովրդավարության կայացումը նման երկրներում։ Եվ, որ ժամանակն է հռետորաբանությունից անցնել մարդու իրավունքների համար կոնկրետ աջակցության։ Եվ այս ամբողջ ալիքը դեռ տարածվելու է ողջ Մեծ ու Միջին Արեւելքով։ Շատ փոփոխություններ են լինում։

Ինչո՞ւ էր ԱՄՆ-ը կամ Եվրոպան հանդուրժում այդ դիկտատորներին։ Որովհետեւ շատ դեպքերում այնտեղ նավթային եւ գազային շահերը ստիպում էին։ Մի պարագայում՝ դա քաղաքական աջակցության խնդիր է, մյուս պարագայում՝ նավթի եւ գազի առկայություն։ Դրա համար աշխարհը հիմա սրտատրոփ նայում է, թե Սաուդյան Արաբիան կդիմանա՞ այս փորձությանը, որովհետեւ շատ կարեւոր դերակատարություն ունի նավթ արտահանող երկրների կազմակերպությունում։ Այս բոլոր հարցերը փոխկապակցված են»։ Աֆրիկյան երկրների ընդվզումների այդ ալիքի Հայաստան հասնելու հավանականությունը ինչպե՞ս եք գնահատում` հարցին Արզումանյանը պատասպանել է. «Հայաստանի ժողովուրդն է դա որոշում։ Եթե ժողովուրդը հանդուրժում է այս իշխանություններին, ուրեմն այդ ալիքն այստեղ չի հասնի։ Հիմա փորձը ցույց տվեց, որ այն երկրներում, որտեղ արդեն, ինչպես ժողովուրդն է ասում, դանակը ոսկորին էր հասել, պատրաստ չէին այլեւս հանդուրժել։ Եվ դա ուղղակի լավ ազդակ եղավ մյուսների համար՝ թե, եթե կարելի է այս երկրում, ինչո՞ւ չի կարելի մեր երկրում էլ անել։ Այդ առումով դա լավ պատգամ է հայ ժողովրդին, որ ցանկացած դիկտատորի կարելի է վռնդել երկրից»։