Կառավարության արտաքին քաղաքականության սկզբունքային առաջնայնություններն են՝ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ապահովումն ու հակամարտությունների խաղաղ կարգավորումը, կայուն զարգացմանն ուղղված միջազգային եւ տարածաշրջանային համագործակցությունը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ժողովրդավարության ամրապնդումը, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը։

Արտաքին քաղաքականության ոլորտում Կառավարությունն առաջիկա 5 տարում գործելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքը։ Այս մասին ասված է կառավարության ծրագրում:

Ըստ այդմ, նշվում է, որ Արցախի կարգավիճակը եւ անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են:

Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը՝ ներառյալ վստահության եւ անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը։

Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն եւ ներգրավվածություն ունենա իրական եւ տեւական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում:

Հայցո ցեղասպանության ճանաչման հարցում կառավարության ծրագրում նշվում է.

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման գործընթացի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Մարդկության դեմ այդ հանցագործության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը եւ ժողովուրդների միջեւ համերաշխությանը, ինչպես նաեւ ոճրագործությունների կանխարգելմանը.

- Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությամբ` խթանելով կայուն զարգացման օրակարգը, արդիական, գիտելիքահենք, ստեղծագործ ու նորարական նախաձեռնությունները, ծրագրերն ու գործընթացները: Այս ոլորտում Կառավարության ջանքերը նպատակաուղղված են լինելու նաեւ օտարերկրյա ուղղակի ներդրումների աճին, միջազգային լավագույն օրինակների ու փորձառության փոխառմանը, նոր շուկաների բացահայտմանը եւ արտահանման ավելացմանը, դեպի Հայաստան զբոսաշրջության խթանմանը, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներում տնտեսական բաղադրիչի արդյունավետության բարձրացմանը, սփյուռքի գործարար ներուժի լիարժեք ներգրավմանը, միջազգային տնտեսական ինտեգրացիոն կառույցների շրջանակներում ՀՀ տնտեսական շահերի առաջմղմանը.

 - Հայաստանում եւ միջազգային ասպարեզում ժողովրդավարական հաստատությունների առավել ամրապնդման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ընդլայնման, իրավունքի գերակայության եւ լավ կառավարման հետագա խթանման ուղղությամբ` այս բնագավառում սերտորեն համագործակցելով համապատասխան միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ»: