Գյումրիում ձայնասկավառակների վաճառքով զբաղվողները դժգոհում են, որ  մարտի 1-ից ուժի մեջ մտնող նոր օրենքով Հայաստանում արգելվում է չարտոնագրված սկավառակների ֆիլմերի, երաժշտության, համակարգչային խաղերի եւ ծրագրերի վաճառքը:

Դրոշմավորման մասին օրենքով նախատեսվում է դրոշմապիտակներ` ակցիզներ ամրացնել շուկայում վաճառվող բոլոր սկավառակների վրա:

Սկավառակների բիզնեսով զբաղվող գյումրեցի գործարարները դժգոհում են, որ օրենքն ընդունելուց իրենց շահերն ու կարծիքը հաշվի չեն առնվել, դրա ողջ բովանդակությունն էլ իրենց չի բացատրվել:

«Թող  խելքին մի քիչ մոտ օրենք լինի, որ երկրում առաջընթաց լինի, ոչ թե մեզ փակեն: Սա նշանակում է, որ 2000 դրամանոց մեկ սկավառակը 8000 դրամով ենք վաճառելու: Ով կգնի , գնորդ չենք ունենա եւ կփակվենք»,- ասում է Գյումրիի կենտրոնական «Օլիմպ» սկավառակների խանութի վաճառողը:

Ըստ այդ փոփոխության, արտասահմանյան երաժշտություն, կինոֆիլմ, մուլտֆիլմ կամ այլ արտադրանք վաճառելու համար հայաստանյան վաճառողները պետք է ունենան արտադրողների թույլտվությունը:

«Սա նշանակում է , որ ասենք Շակիրայի երգերի սկավառակը վաճառելու համար պետք է նրա դիսկերն արտադրողի թույլտվությունն ու համաձայնությունն ունենանք: Եկեք հասկանանք, որ մեր երկիրը շատ փոքր է, ու մենք այնքան վատ շուկա ենք ներկայացնում ամբողջ աշխարհի համար, որ մեզ հետ կհրաժարվեն  պայմանագիր կնքել, իսկ ժողովուրդը մտածելու բան չունի: Նոր երգի թողարկումից կես ժամ անց այն համացանցում է, անարգել կօգտվեն: Կվերանա միայն փոքր բիզնեսի այս տեսակը»,- հավաստում է «Մեղեդի» կոչվող վաճառակետի տնօրենը:

Սկավառակի բիզնեսով զբաղվող գործարարները կոչ են անում օրենքում համապատասխան փոփոխություններ կատարել, որպեսզի այն տարածվի  գոնե միայն հայկական հեղինակների արտադրության վրա: