Ոստիկանությունը հանրապետության գրեթե բոլոր մարզերում վերահսկողություն է իրականացնում, փորձելով խոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժը: Ոստիկանության միջոցառումների նպատակը Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքի մասնակիցների մուտքը մայրաքաղաք խոչընդոտելն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նրա խոսքով, հանրապետության տարբեր մարզերից տեղեկություններ են ստացել ոստիկանական ուժերի իրականացրած գործողությունների մասին:
Ըստ այդմ` Արարատի մարզի Հովտաշեն գյուղի սկզբնամասում են հավաքվել մի խումբ ոստիկաններ, որոնք կանգնեցնում են երթուղային տաքսիները եւ թույլ չեն տալիս մարդկանց մայրաքաղաք հասնել, ընդհուպ` քաշքշում են նրանց: «Հրազդանի տարբեր հատվածներում` մոտ 6 տեղ, կանգնած են ավտոմատավորներ, եւ հայտարարում են, թե ոստիկանապետի հրահանգով միջոցառում են իրականացնում` զենք են փնտրում: Մեկ այլ տեղ էլ ասում են, թե առեւանգված մեքենա են փնտրում: Նույնպիսի ոստիկանական «պոստեր» կան նաեւ Աշտարակում»,-նշեց Մուսինյանը:
Նա նաեւ հավելեց, թե ոստիկանական ուժերը, որպես կանոն, մայրուղիների վրա չեն տեղակայվում, այլ բնակավայրերում: «Մեզ հայտնի է դարձել, որ Արմավիրի ոստիկանությունը ամբողջովին լցվել է մարզի գյուղերը (կոնկրետ Արմավիրի ոստիկանապետը եղել է Փշատավան գյուղում) եւ գյուղապետերի հետ միասին փորձում են խոընդոտել մարդկանց տեղաշարժը»,-հավաստիացրեց ՀԱԿ մամուլի խոսնակը: Նա նաեւ հաղորդեց, որ Գորիսում եւ Սիսիանում նույնպես հասարակական տրանսպորտը կանգնեցնելու դեպքեր են եղել:


























