Կենդանապաշտպաններին ու կենդանասերներին շարունակում է հուզել անօթեւան չորքոտանիների ճակատագիրը։ Այս առնչությամբ NEWS.am-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույց կենդանապաշտպան եւ «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք» կամավորական շարժման նախաձեռնող Լալա Պողոսյանի հետ։

Ի՞նչ իրավիճակ է հիմա անօթեւան կենդանիների վերահսկողության ոլորտում։ Ո՞վ եւ ինչպե՞ս է որոշում հարցը։

Սկսենք նրանից, որ դրանով պետք է զբաղվեն քաղաքապետարանները։ Իսկ հիմա դրանով առայժմ տարերայնորեն զբաղվում են հասարակական կազմակերպությունները։ Բայց համընդհանուր իրավիճակի հսկողությունը հասարակական կազմակերպությունների կամ առանձին կամավորների խնդիրը չէ։ Արդեն շուտով կես տարի կլինի, որ քաղաքը նոր իշխանություն ունի, բայց ծրագրեր են մշակվում, որոնցից ոչ մեկը դեռ չի գործարկվել: Մենք կանխատեսել էինք նման իրավիճակ, որովհետեւ ի սկզբանե  թերագնահատվել էր խնդրի բարդության աստիճանը։ Ներգրավված խորհրդականներն ու գործընկերները ընտրվել են ոչ այնքան հասկանալի սկզբունքով։ Հասարակական կազմակերպությունները եւ փորձառու կամավորները հեռու են պահվում աշխատանքներից:  Անգամ հուշագիր է ստորագրվել, այս անգամ ևս անհասկանալի սկզբունքով ընտրված կիսաօտարերկրյա կազմակերպության հետ, որն ընդամենը մի քանի անդամ ուներ:  Ինչո՞վ էր այն աչքի ընկել այս ոլորտում նախկինում: Նրանց հրավիրել էր անասնաբույժների WVS միջազգային կազմակերպությունը, ըստ որոնց անհասկանալի ծրագրի,  եթե այն կարելի էր առհասարակ ծրագիր անվանել, պետք է ստերջացվեին 100 կամ 200 շուն քաղաքի առանձին վերցրած հատվածում։ «Ծրագրի»  նպատակն այդպես էլ մնաց անհասկանալի, քանի որ առանձին ստերջացումները հենց այնպես, ընդհանուր իրավիճակից կտրված չեն հանգեցնում ընդհանուր թվաքանակի պակասեցմանը, եւ ընդհանրապես ոչ մի հսկողություն կամ հաշվետվողականություն չկար, այնպես որ՝ ոչ ոք էլ չգիտի, թե ինչ է արվել իրականում։ «Ծրագիրն» իրականացվել է  մասնավոր նախաձեռնությամբ, թեեւ ներկայացվել է որպես քաղաքապետարանի մասնակցությամբ իրականացվող “պիլոտային ծրագիր”։ Շատ կուզենայի հուսալ, որ հիմա այդպես չի լինի։ Բայց թե ով ինչ խորհուրդներ է տալիս, ինչ փորձի վրա են դրանք հիմնված, ով է պատասխանատու քաղաքապետարանում դրա համար՝ պարզ չէ։ Մեզ չի գոհացնում այս իրադրությունը՝ սկսած հենց նրանից, որ մեզ ինչ-որ բան հայտնի է պատահական, ոչ մշտական աղբյուրներից, իսկ այն, ինչ հայտնի է, խիստ անհանգստացնում է։ Գուցե հենց այդ պատճառով էլ մեզ հեռու են պահում։ Այնուամենայնիվ հակիրճ նորից այն մասին, թե ինչ է անում քաղաքապետարանը, ինչի մասին մեզ հայտնի է, կամ ինչ է հայտարարվել պաշտոնապես։ Կազմավորվել է քաղաքապետարանին կից ոչառեւտրային կազմակերպություն, կառուցվում է փոքրիկ կացարան 50 շան համար, որը նախատեսված է ստերջացումից հետո նրանց ժամանակավոր պահելու համար (մի քանի ժամից մինչեւ մի 2 օր՝ կախված կենդանու վիճակից, բայց, ինչպես հասկանում ենք, ավելիին չի բավականացնի)։ Կառուցվում է մունիցիպալ անասնաբուժական կլինիկա, հնարավոր է սարքավորումներով զինված շարժականն էլ գործարկվի, և պետք է մեկնարկի  ստերջացման ծրագիրը՝ տարեկան բոլոր էգերի 70 տոկոսը։ Եվ իբր որսված շները կստերջացվեն ու բաց կթողնվեն այնտեղ, որտեղից վերցվել են։ 3 կետից բաղկացած այս նախագծերում արդեն առնվազն 7-8 սխալ կա։ Փորձենք թվարկել նույն կարգով:

  1. 50 տեղանոց կացարանը շատ փոքր է, որովհետեւ, նախ, մունիցիպալ կացարանը միայն ստերջացումից հետո կենդանուն պահելու համար չէ, և երկրորդ՝ մի քանի ժամից մինչեւ 2 օր պահելը բավարար չէ, որքան էլ մեզ համոզեն նրանք, ովքեր երբեք գործ չեն ունեցել անմիջապես փողոցային կենդանիների հետ, կամ նրանք խոսքը կիսատ են թողնում։ (Որոշ հասարակական կազմակերպություններ եւ անասնաբույժներ այս առնչությամբ քաղաքապետարանին մոլորության մեջ են գցում, բայց նրանք անբարեխիղճ են, իրականում նրանք իրենք են այդքան շուտ բաց թողնում միայն այն շներին, որոնք գտնվում են ինչ-որ մեկի խնամքի տակ, իսկ անմիջապես փողոց նրանք դեռ կենդանի բաց չեն թողել)։
  2. Կենդանիների ընդհանուր թվի 70 տոկոսին ստերջացնելու համար պետք է նախ իմանալ այդ ընդհանուր թիվը։ Առայժմ, այսօրվա դրությամբ, նրանց սեփական խոստովանությամբ, հաշվարկ չի կատարվել, եւ նշվում են թվեր՝ 4000-15000 եւ ավելին։
  3. Հասկանալի չէ, թե ինչպես է հեռավորության վրա որոշվելու էգ կենդանին, ինչը որսի պրոցեսը կկրկնապատկի։
  4. Իսկ միգուցե առավել նպատակահարմար կլիներ ստերջացնել նաեւ արուներին, որովհետեւ էգերը ստերջացումից հետո, չնայած որոշ դիլետանտների հավաստիացումներին,  հաճախ ավելի անհավասարակշիռ են դառնում, իսկ արուները՝ ընդհակառակը։ Այս տարբերակին հպանցիկ անդրադարձավ անասնաբույժներից մեկը, սակայն այն լրջորեն չի քննարկվել:
  5. Ընդհանուր թվի 70 տոկոսը պետք է ստերջացնել ոչ թե մեկ տարում, այլ բազմացման մեկ սեզոնի ընթացքում, որպեսզի պոպուլյացիան չհասցնի վերարտադրվել:
  6. Ոհմակի անդամ վիրահատված շներին որսված տեղում բաց թողնելն անիմաստ է, քանի որ, նախ, թափառող ոհմակը որպես այդպիսին մշտական բնակության վայր չունի, նրանց միգրացիան բավական մեծ տարածություններ է ընդգրկում, եւ երկրորդ, եթե այդ «տեղում» եղել է 5-10-20 շներով ոհմակ, նրանց, գուցե ընդհակառակը, պետք է ցրել, կարիք չկա նորից նույն տեղը տանել։ Թեեւ դա բավական դաժան է նոր վիրահատված կենդանիների հանդեպ, բայց, դե, «սանտիմենտների» ժամանակը չէ...
  7. Առանձին արժե անդրադառնալ  ոհմակի շներին որսալու հարցին, առանց որի լուծման հաջորդ ծրագրերին անդրադառնալն անիմաստ է։ Բայց տպավորությունն այնպիսին է, որ դա առհասարակ քաղաքապետարանի համար պատասխան չունեցող հարց է, թեեւ նրանք դրա մասին առայժմ լռում են... Այսպես կոչված «Յունիգրաֆի» շնորսներին հրավիրելը կարող է ավարտվել ճիշտ այնպես, ինչպես առաջ։ Գաղափար կար կենդանաբանական այգուց հրավիրել մասնագետներ, սակայն որքան մեզ հայտնի է՝ այնտեղ էլ առանձնապես վիրտուոզներ չկան, իսկ ոհմակի շների որսալու հարցը բավական բարդ է եւ հիմնարար...
  8. Ընդհանրապես, այդ որս-ստերջացում-վերադարձ (ՈՍՎ) ծրագրերը բավական բարդ ու բազմաքայլ են, որոնք իրականացվել և հաջողվել են, ի տարբերություն տարածված կարծիքի, ոչ բոլոր այն քաղաքներում, որոնցում դրանք նախաձեռնվել են, եւ դրանց պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ, որպեսզի մեզ մոտ էլ չձախողվեն։

Հավանաբար, կան կետեր, որոնց նույնպես կարելի է անդրադառնալ, բայց մեր նպատակն այժմ ամեն ինչն ընդգրկելը չէ, դա անպայման պետք է տեղի ունենա աշխատանքային ձեւաչափով, այլ բացատրելը, թե ինչն է մեզ անհանգստացնում։ Թեեւ անգամ եթե ամեն բան կատարյալ լիներ, հասարակության շահագրգիռ հատվածին, որը նաեւ կարող է ինչ-որ փորձ ունենալ այս հարցերում, քննարկումներից հեռու պահելու փաստն ինքնին պարզապես իրավունքների խախտում է։ Եվ այդ դեպքում սկզբունքորեն անհնար է հասարակական վերահսկողությունն  իրականացնել։ Բայց այս թեման առանձին ուշադրության է արժանի։

ՈՍՎ ծրագրերի իրականացմանն արդյոք կմասնակցե՞ն արտասահմանյան ընկերությունները:

Որքանով մեզ հայտնի է, այդ տարբերակը քննարկվում է:

Հնարավո՞ր է այդ ժամանակ ամեն ինչ ստացվի նաեւ առանց ձեր մասնակցության:

Որքանով տեղյակ ենք, այս հարցում մեծ փորձ ունեցող արտասահմանցիները հենց իրենք սովոր են և ցանկանում են աշխատել կամավորների եւ հասարակական կազմակերւպությունների հետ: Բացի այդ, որքան էլ հրավիրված ընկերության կողմից ծրագրի ինչ-որ հատվածներ հաջողությամբ իրականացվեն, նրանք այստեղ ժամանակավոր են աշխատելու, իսկ նմանատիպ հարցերի լուծման համար մշտական հիմք է անհրաժեշտ ստեղծել, այլ ոչ թե սահմանափակվել առանձին հատվածներով. ճիշտ կլինի ընդգրկել խնդիրների լուծումն՝ ամբողջությամբ: Սա, մեր կարծիքով, քաղաքապետարանի եւս մեկ սխալն է. նման մոտեցումն այս հարցին՝ որպես ժամանակավոր և հատվածային, ամբողջական համատեքստից դուրս: Հնարավոր է, որ մի օր թափառող կենդանիներ, օրինակ շներ չլինեն այլևս փողոցներում, կամ դրանց թվաքանակը նվազի, սակայն կլինեն այլ կենդանիներ, կան բազմաթիվ այլ հարցեր, կա էկոհամակարգ, կան փոփոխվող իրողություններ, կա մշտական աշխատանք օրենքների վրա, կան և լինելու են մշտական տեղային խնդիրներ: Եվ այս ամենը ամբողջության մեջ չտեսնողները պարզապես առկա խնդիրներից խուսափելու իրենց ցանկությունն են արտահայտում, ինչի արդյունքում լավագույն դեպքում կունենանք կիսատ արդյունքներ, որոնք հետագայում ավելի մեծ խնդիրներ կստեղծեն:

Գոյություն ունեն՞ արդյոք վերահսկման մեխանիզմներ:

Քաղաքապետարանը հասարակական կազմակերպություններին վերապահել է միայն հանրային վերահսկողի դերը, չնայած ըստ հուշագրի նրանց գործընկերները նույնպես հասարակական կազմակերպություն են ներկայացնում, ընդ որում՝ արտասահմանյան: Սակայն իրական վերահսկողությունն  իմաստ կարող է ունենալ որոշումների ընդունման եւ այս բոլոր ծրագրերի ձեւավորման փուլից սկսած: Ինչ իմաստ ունի վերահսկել այն, ինչն արդեն իսկ ձախողված է  ծրագրային մակարդակում: Եթե, օրինակ, ավելի մեծ թվով շներ սատկեն, քան հենց իրենք են նախատեսել, ինչո՞վ «կօգնի» վերահսկումը: Կամ՝ ինչ-որ շների պարզապես չեն կարողանա որսալ… Կամ՝ ինչպե՞ս վերահսկել անասնաբույժի աշխատանքը, որը կորոշի քնեցնել յուրաքանչյուր երկրորդ շանը ոչ միայն այն պատճառով, որ չի ուզում չարչարվել, այլեւ այն պատճառով, որ հիվանդ կամ ոչ լիովին առողջ շներին պահելու տեղ պարզապես նախատեսված չէ: Ավելին՝ արդեն փորձել են մեզ առաջարկել մասնակցող հասարակական կազմակերպությունների ռոտացիայի ինչ-որ տարօրինակ սխեմա: Դա լրջորեն քննարկելու ցանկություն անգամ չկա, որովհետեւ կա՛մ մենք ինչ-որ բան ճիշտ չենք հասկացել, կա՛մ այն մինչև վերջ մշակված չէ, կա՛մ այս սխեման ստեղծվել է կենդանապաշտպաններին խնդիրներից հատուկ ավելի հեռու պահելու համար, եւ ոչ մի իրական վերահսկողության համար հնարավորութուն չի թողնելու: Մի խոսքով՝ մենք տեղյակ չենք, թե ով է ստանձնել մնացյալ բոլորի դերակատարումը որոշելու դերը, բայց մենք մտադիր ենք հասնելու այս ամեն ինչին մասնակցելու մեր իրավունքների իրացմանը եւ պատրաստվում ենք առաջարկել հանրային վերահսկողության մեր համակարգը, որը նույնպես մտադիր ենք քննարկել աշխատանքային ձեւաչափով, այլ ոչ թե «փողոցից»: 

Որքանո՞վ են իրատեսական ստերջացման ծրագրերը եւ արդյոք կացարանների անհրաժեշտություն կա՞: Անցյալում դուք եղել եք «բակային ծրագրի» հեղինակը, այսինքն՝ դեմ էիք կացարաններին եւ կողմ՝ շներին բակ վերադարձնելուն: Այդ ժամանակից ի վեր նոր իրողությունների հետ կապված ինչ-որ բան փոխվե՞լ է:

Այսօրվա դրությամբ՝ այն ամենից, ինչ մեզ հայտնի է, կարելի է եզրակացնել, որ առայժմ այնքան էլ իրատեսական չեն: Գուցե այդ պատճառով են մինչեւ հիմա ձգձգում: Նույնիսկ կցանկանայի հավատալ, որ եթե ձգձգում են, ուրեմն գոնե խնդիրները տեսնում են, այդ դեպքում հույս կա, որ  որոշումներ առաջարկելու պահանջարկ եւս կլինի… Այնուհետեւ… Առաջին՝ «Բակային ծրագիրը» նախորդ իշխանությունների օրոք առաջարկվել էր որպես փոխզիջումային տարբերակ, քանի որ այդ ժամանակ դժվար էր պատկերացնել կացարանների գործունեությունն առանց կոռուպցիայի: Երկրորդ՝ չնայած հիմա էլ նպատակահարմար է բակային կենդանիների հիմնական մասին բակեր վերադարձնելը, սակայն այդ դեպքում դուրս կմնա կենդանիների այն հատվածը,  որոնք բակերում կա՛մ կխանգարեն, կա՛մ չեն կարողանա գոյատևել: Օրինակ՝ շան ձագերը կամ այն կենդանիները, որոնցից տերերը հրաժարվել են, վիրավորները, հիվանդները, որոնք, սակայն, բուժվող են…  Իսկ ամեն ինչ կամավորական կազմակերպությունների հույսին թողնելը պարզապես անիրատեսական է: Ուստի ինչ-որ մունիցիպալ կացարաններ, այնուամենայնիվ, անհրաժեշտ են: Մենք այս կապակցությամբ նույնպես առաջարկներ ունենք, թե ինչով կարելի է փոխարինել մունիցիպալ կացարանները, բայց դրանք ոչ պակաս լուրջ մոտեցում են պահանջում, եւ այս մասին արժե առանձին խոսել:

Ընդհանրապես, մենք առաջին հարցի պատասխանում մոռացանք հիշատակել նաեւ այս, կարելի է ասել, սխալը. կամավորական կազմակերպությունների օգնության վրա չափից ավելի հույս դնելը: Բաներ կան, որոնք պետք է կատարի հենց քաղաքապետարանը, նույնիսկ եթե կամավորները բարեհոգաբար առաջարկում են վերցնել դա իրենց վրա: Առաջին՝ պետք է հստակ հաշվարկվեն ռեսուրսները, իսկ կամավորական ռեսուրսներն ըստ սահմանման անկայուն են, եւ այդ դեպքում ո՞վ է պատասխանատու լինելու ամբողջ ծրագրի ձախողման համար: Երկրորդ՝ դրանք նույնիսկ սեփական կարիքների համար բավարար չեն, եւ քաղաքապետարանը, հակառակը, կամավորներին պետք է աջակցի, որպեսզի կամավորները կարողանան քաղաքապետարանին աջակցել այն հարցերում, որտեղ նրանք անփոխարինելի են, այսինքն՝ կան բաներ, որոնք իրենց հերթին հնարավոր կլինի կատարել միայն փորձառու կամավորների օգնությամբ:

Դուք ունե՞ք առավել  իրատեսական ՈՍՎ տարբերակի առաջարկներ: Եթե այո՝ փորձե՞լ եք արդյոք դրանք ներկայացնել:

Այո, կան, բայց ինչ-որ բան առաջարկել մի փուլում, երբ մենք չենք կարող պատշաճ կերպով լսելի լինել, իսկ գլխավորը՝ չենք կարող որեւէ կերպ վերահսկել իրականացումը ոչ մի իմաստ չունի: Այս ձեւաչափով քաղաքապետարանը չի կարող ավելի ընկալունակ լինել, անհրաժեշտ է առավել աշխատանքային ձեւաչափ հետևողականորեն փոխգործակցելու համար, այդ դեպքում մենք կկարողանանք մեր փորձը փոխանցել, շարադրել մեր մոտեցումները, որոնք, ի դեպ, հընթացս կարող են եւ փոփոխվել՝ ելնելով անկանխատեսելի իրավիճակների առաջացումից, եւ սա նորմալ է: Ընդ որում՝ միայն սա է նորմալ, սա միակ աշխատող տարբերակն է:

Իսկ ներկայիս ձեւաչափը, որտեղ փորձառուները հեռացված են, իսկ դաշտային պայմաններում աշխատելու փորձ չունեցող մարդիկ հավաստիացնում են խնդրի դյուրության մասին՝ գնացիր – միանգամից որսացիր – ստերջացրիր – մի քանի ժամից բաց թողեցիր, եւ ամեն ինչ պատրաստ է: Առավել եւս՝ եթե այնտեղ կան նույնիսկ փորձ ունեցողներ, սակայն քաղաքապետարանին պարզապես դրդում են արկածախնդրության եւ կկրեն ծրագրի տապալման ու այս կառույցը անխուսափելիորեն «Յունիգաֆ-2»-ի վերածելու ամբողջ պատասխանատվությունը:

Ու՞նեք առաջարկություններ ռազմավարության  վերաբերյալ, որոնք հակիրճ հնարավոր կլիներ շարադրել, որոնք կտարբերվեին քաղաքապետարանի այսօրվա ռազմավարությունից:

Իսկ նրանք ունեն՞ այդ ռազմավարությունը:  Դրա անհրաժեշտության մասին հայտարարվել է, բայց մենք դեռեւս չենք տեսել այն ձեւակերպված: Սա կա՛մ հանրությունից պահվող հերթական «գաղտնիք» է, կա՛մ այն չկա: Ի դեպ, այս իմաստով հնարավոր է՝ ավելի նպատակահարմար է խոսել ոչ թե ռազմավարության, այլ հայեցակարգի մասին: Ամեն դեպքում, եթե հակիրճ՝ ապա կրկնվեմ.  նման բաները ձեւակերպվում են համատեղ կլոր սեղանի շուրջ, այլ ոչ թե ինքնաբուխ ուրվագծելով ընդհանուր գծերով: Եթե երկու բառով՝ դա կենդանիներին սիրելու անհրաժեշտության քարոզչությունն է նրանց համար, ովքեր ի վիճակի են սիրել, և հանդուրժողականության նրանց համար, ովքեր դեռեւս ի վիճակի չեն, ինչպես կենդանիների նկատմամբ, այնպես էլ այն մարդկանց նկատմամբ, որոնք սիրում են կենդանիներին: Մեզանում ընդհանրապես անհանդուրժողությունը շատ տարածված է: Սա աշխատանք է բնակչության հետ, սա սոցիալական գովազդ է, սա այս թեմայով լուսաբանման կազմակերպում է, ուսումնական ծրագրեր եւ այլն: Որովհետեւ մեզ մոտ ատելությունը դեռեւս անգամ տարածվում է նաեւ կենդանիներին պաշտպանել փորձող մարդկանց վրա: Եվ առանց դրա բոլոր ջանքերը կարող են չեզոքացվել, կոտրվել ինչպես ալիքները ալեհատի վրա: Անհրաժեշտ է կոտրել այն կարծատիպը, որ կենդանիներին կարելի է չսիրել, եւ սա նույնպես կյանքի հանդեպ վերաբերմունքի տարբերակ է: Ատելությունը կյանքի հանդեպ վերաբերմունքի տարբերակ չի կարող լինել, դա հիվանդություն է: Կենդանիները մեր աշխարհի մասն են, որի հետ մենք պետք է համագոյակցենք: Քաղաքներում նրանք քաղաքային էկոհամակարգի մասն են: Մարդկանց ուղեղներից պետք է հանել, որ կարելի է նրանցից իսպառ ազատվել, ոչնչացնել: Չէ՞ որ մեր հասարակության մեջ ոչ ոք չի համարձակվի հպարտորեն հայտարարել, որ երեխաներին չի սիրում, բայց չէ՞ որ նման մարդիկ կան, դե եթե չես սիրում՝ պատահում է, բայց հպարտանալու ոչ մի բան չկա, գոնե մի՛ վատաբանիր նրանց, ովքեր սիրում են: Իսկ քանի դեռ մոտեցումն այսպիսին է, որ տարբեր ծրագրերի մասին հայտարարելիս նախընտրում ես կարծես թե արդարանալու ոճը, իբր՝ դե համբերեք, այսպես է պետք…

Այստեղ դարձյալ հիշենք Գանդիի խոսքերը, որ ազգի բարոյական մակարդակի մասին դատում են ըստ կենդանիների նկատմամբ նրա վերաբերմունքի, եւ այս իմաստով սկսենք աշխատանքը մեր սոցիումի հետ ոչ միայն հանուն կենդանիների, այլ գիտակցելով, թե որքան է այս խնդիրը համամարդկային: