Հայաստանի կառավարությունը մտադիր է գյուղատնտեսության համատարած հաշվառման գործընթաց կսել, սակայն առայժմ հայտնի չէ թե երբ այն կսկսվի, քանի որ բացակայում է դոնոր կազմակերպությունը: Այդ մասին այսօր՝ մարտի 2-ին լրագրողներին տեղեկացրին Ազգային վիճակագրական ծառայության եւ գյուղատնտեսության նախարարության ղեկավարները՝ Ստեփան Մնացականյանն ու Սերգո Կարապետյանը։

Ըստ նախնական հաշվարկների՝ գյուղացիական յուրաքանչյուր տնտեսության հաշվառման համար անհրաժեշտ է 4-5 դոլար։ Ընդ որում՝ հաշվառման պետք է ենթարկվի ոչ միայն գյուղացիական, այլեւ գյուղմթերք արտադրող ցանկացած տնտեսություն՝ ամառանոցները, քաղաքային տնամերձները եւ այլն։

Նշենք, որ Հայաստանում երբեւէ գյուղատնտեսության համատարած հաշվառում չի եղել, նույնիսկ խորհրդային տարիներին։ Սակայն 20-րդ դարի երկրորդ կեսից բազմաթիվ երկրներ, ՄԱԿ-ի հորդորով եւ ստանդարտներով, իրականացնում են նման հաշվառում։ Ռուսաստանում այն իրականացվել է 2007 թ.:

Հայաստանը 2008 թ. ընդունել է «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» օրենքը։ Ըստ այդմ՝ յուրաքանչյուր 10 տարին մեկ պետք է իրականացնել նման հաշվառում, տվյալների տրամադրումը կրում է պարտադիր բնույթ, հավաքագրված տվյալները անվանազերծվում ու հրապարակվում են ամփոփ տեսքով։

Նշենք, որ պետությունը երաշախավորում է հավաքագրված տվյալների գաղտնիությունը։ Հաշվառման նյութերը դատական, դատաքննչական եւ այլ մարմինները որպես ապացույց չեն կարող օգտագործել։

Ռուսաստանի Դաշնության պետական վիճակագրական դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Կոնստանտին Լայկամը, այսօր Երեւանում ելույթ ունենալով գյուղատնտեսության համատարած հաշվառմանը նվիրված սեմինարի ընթացքում, ասաց, որ քրիստոնեությունն ու հաշվառումը սերտորեն կապված են միմյանց հետ։ Այսպես՝ Հիսուս Քրիստոսը ծնվել է այն ժամանակ, երբ տեղի էր ունենում մարդահամար։ Կ. Լայկամը հիշեցրեց, որ Հայաստանն առաջինն է պետականորեն ընդունել քրիստոնեությունը։

Անշուշտ՝ գյուղատնտեսության հաշվառումն իրականացվում է ոչ կրոնական նպատակներով; Ըստ Լայկամի՝ հավաքված տեղեկատվությունը շատ կարեւոր է մշակելու ոչ միայն գյուղատնտեսության քաղաքականությունը, այլեւ՝ կարգավորելու սոցիալական, միգրացիոն հարցերը, գյուղատնտեսական հումքի շուկան եւ այլն։