Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, մարտի 1-ի երեկոյան քաղաքի Երեւանյան խճուղուց, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 28-ամյա Ռոմիկ Ո.-ին եւ ուղեւոր, 32-ամյա Արմեն Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զննությամբ ավտոմեքենայի բեռնախցիկից հայտնաբերվել է 3 ներարկիչ` դեղնավուն լուծույթով:
Ռոմիկ Ո.-ն եւ Արմեն Գ.-ն հայտնել են, որ հայտնաբերվածը «Կաֆետին» դեղորայքից պատրաստված թմրամիջոց է, որը ձեռք են բերել Գյումրի քաղաքի Արցախ թաղամասում, «Կուզիկ» մականունով ոմն Տիգրանից:
Ձեռնարկվում են միջոցառումներ Տիգրանի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Նույն օրը, ժամը 21.50-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Աթարբեկյան փողոցից բերման են ենթարկել նախկինում դատապարտվածներ, 47-ամյա Տիգրան Ղ.-ին եւ 36-ամյա Արմեն Գ.-ին:
Զննությամբ Տիգրան Ղ.-ի տնից հայտնաբերվել է ներարկիչ` 1 մլ կարմիր հեղուկով, տարբեր տարողության երկու տարա` դեղնավուն եւ սպիտակավուն հեղուկներով:
Տիգրան Ղ.-ն եւ Արմեն Գ.-ն հայտնել են, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը պատրաստել են իրենց օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:



























