«Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ Հովհաննես Թամամյանի պաշտոնանկությունը, որը ճակատագրական եղավ նրա ընտանիքի համար (հայրն ինքնասպան եղավ, ասում են` 81-ամյա ծերունին ծանր է տարել ոչ թե որդու պաշտոնանկությունը, այլ ամոթի եւ վիրավորանքի զգացում է ունեցել որդու համար եւ որդու փոխարեն), այլեւս անսպասելի էր շատերի համար»,-գրում է «Հրապարակը»` շարունակելով. «Թամամյանն իշխանությանը ամենից շատ ծառայություններ մատուցած անձանցից է, բոլոր ընտրությունների ժամանակ, մարտի 1-ին ակտիվ դերակատարում է ունեցել եւ անգամ Լեւոն Ղուլյանի «ինքնասպանությունը» մարսեց, բայց եկավ ոտը քարին առավ ամենաանմեղ տեղում»:
Վերլուծելով նախկին պաշտոնյանի պաշտոնանկությունը` թերթը եզրակացնում է. «Նախ, Գագիկ Բեգլարյանն էր, որին չներեցին մի շարքային վրիպում, հիմա էլ Հովիկ Թամամյանը, որի տեսակետը ոչ ոք չի լսել եւ հայտնի չէ, թե նա ինչ կասի` ի պաշտպանություն իրեն: Գուցե կասի, որ նման պրակտիկա ոստիկանությունում գործում է անհիշելի ժամանակներից եւ անարդար քննությունների փաստեր միշտ են եղել:
Անգամ կարող է վերհիշել, թե ինչպես էր դատախազության կողմից անմեղ մի երիտասարդ մեղադրվել անչափահասի բռնաբարության եւ սպանության մեջ, իսկ 6 տարի նստելուց հետո` երբ իրական հանցագործը բռնվեց, գլխավոր դատախազն ինքը ներողություն խնդրեց այդ տղայից: Իսկ ովքե՞ր պատժվեցին, համենայնդեպս, ոչ մի լուրջ պաշտոնյա»:



























