Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ եւ եվրաինտեգրման հարցերով պետքարտուղար Միկոլայ Դովգիլեվիչին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Լեհաստանի հետ մեր երկրի հարաբերությունները եւ շահագրգռություն հայտնել երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում դրանք ընդլայնելու առումով: Երկրի ղեկավարի համոզմամբ` հայ-լեհական փոխգործակցությանը նոր որակ կարելի է հաղորդել Եվրամիության «Արեւելյան գործընկերության» շրջանակում:
Նախարար Միկոլայ Դովգիլեվիչը «Արեւելյան գործընկերությունը» համարել է գործակցության լավագույն մոդելներից եւ նշել, որ Հայաստանը Գործընկերության առաջատար երկրներից է, լիովին ներգրավված է ծրագրում եւ կարող է առավելագույնս օգտվել դրա ընձեռած հնարավորություններից:
Սերժ Սարգսյանը հատկապես կարեւորել է մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման եւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները:




























