Նախակրթարաններում եւ դպրոցներում սկսված հաշվառման գործընթացը, որի ժամանակ երեխաներից պահանջվում է ներկայացնել իրենց  ծննդականները, ծնողների անձնագրերը եւ անշարժ գույքի սեփականությունը հաստատող փաստաթուղթ, լուրջ դժգոհություն է առաջացրել բնակիչների շրջանում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս գործընթացը նախաձեռնած տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայության ղեկավար Զոյա Բարսեղյանը նշեց, որ այդ գործընթացի նպատակը պետռեգիստրի տվյալների ամբողջականացումն է, որը կավարտվի 2011 թվականի մայիսի 31-ին։

«Պետռեգիստրը ներդրվել է 2006 թվականին եւ ամբողջական տվյալներ պարունակում է այդ տարվանից սկսած։ Մինչ այդ եղած տվյալների բազան ամբողջական չէ։ Այդ է պատճառը, որ հ/կ-ներից բազմաթիվ ահազանգեր են եղել, որոնք վերաբերել են չգրանցված ծնունդներին»,- նշեց Բարսեղյանը։

Հարցին, թե վերոնշյալ գործընթացը կազմակերպելու գործում ինչո՞ւ են պահանջում անշարժ գույքի սեփականությունը հաստատող փաստաթուղթ, Բարսեղյանը պատասխանեց, որ այդ փաստաթուղթը երեխաներից այլեւս չի պահանջվում:

Այդուհանդերձ, բազմաթիվ քաղաքացիներից շարունակում են ահազանգեր ստացվել, որ դպրոցներում շարունակում են երեխաներից պահանջել անշարժ գույքի սեփականությունը հաստատող փաստաթուղթ: Թե ինչո՞ւ են այդ փաստաթուղթը պահանջում, յդպես էլ անհայտ է մնում: