Վրացական իշխանություններն ու մամուլը, որ արդեն փաստացի ջլատման են հասցրել սեփական երկիրը, այդպես էլ չեն կարողանում հասկանալ մի պարզ ճշմարտություն, անվանվելով բազմազգ պետություն, երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ ավելի լավ է բարեկամություն անել, քան թշնամանալ: Վերջնականապես ընդհատելով աբխազների եւ օսերի հետ երկխոսությունը, վտարելով հույներին, ձուլելով մի շարք փոքր ժողովուրդների, այսօր էլ նրանք մազոխիստական եռանդով սկսել են քննարկել հայկական հարցը:
Ահա թե ինչ է գրում վրացական «Սաքարթվելոս ռեսպուբլիկա» պարբերականը, որը հայտնի է իր ագրեսիվ ազգայնական դիրքորոշմամբ:
«Հայաստանի տարածքը փոքր է, բայց այն առաջնորդի կարգավիճակում տեսնել ցանկացողների թիվը մեծ է: Երբ Ջորջ Բուշը Վրաստանը ճանաչեց որպես տարածաշրջանային առաջնորդ, երկրորդ օրը Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ իրենք ոչ մեկին չեն զիջի առաջնությունը։ Ադրբեջանը իրոք կարող է հավակնել առաջնորդի դերին, քանի որ ունի 21 –րդ դարում ամենակարեւոր զենքերը՝ նավթ, էներգետիկա։ Իսկ Հայաստանը դեռ կարոտում է իր վաղուց կորցրած Մեծ Հայքը։
Այն բանից հետո, ինչ սկսեցին խոսել հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ, հայերը հասկացան, որ Վրաստանի հետ հարաբերությունները այլեւս պետք չեն։ Սակայն մինչ այս՝ նրանց համար Վրաստանը կյանքի միակ ճանապարհն էր։
Հայաստանի համար այժմ արդիական է դարձել տարածաշրջանային լեզվի հարցը։ Ի՞նչ ասել է տարածաշրջանային լեզու՝ դա արդեն նշանակում է պետական լեզու։ Ստացվում է, որ Վրաստանում գրագրությունը պետք է ընթանա վրացերեն եւ հայերեն լեզուներով, քանի որ հայ երիտասարդությունը միտումնավոր չի սովորում վրացերենը։ Ամբողջ աշխարհը այսօր խնդրում է պաշտպանել փոքրամասնությունների իրավունքը, բայց ոչ մի տեղ գրված չէ, որ նրանց լեզուն պետք է պետական կարգավիճակ ստանա։
Հայաստանը կստեղծի սադրանքներ, որին Վրաստանը կենթարկվի: Նա ռուսական զորքի միջոցով կիրականացնի Սամցխե-Ջավախեթիի զավթումը։ Հայերը, չթաքցնելով գրում են, թե վրացիները զավթել են հողեր զբխազներիղ, օսերից, հայերից եւ ադրբեջանցիներից, այժմ էլ եկել է պատմական արդարության հաստատման պահը: Ի դեպ, սրան պետք է ակտիվորեն միանան վրացական ԶԼՄ-ները, որոնք, սակայն, լռում են: Պետք է ճշտել, թե ինչն է հետաքրքրում հայ գործընկերներին»:
Այս նյուի հեղինակի հոգեվիճակի մասին դատելը բավական դժվար է: Այլ բան, քան սադրիչ, նրան անվանել չի ստավում: Փաստացի որեւէ տարբերություն չտեսնելով տարածաշրջանային եւ պետական լեզուների կարգավիճակների միջեւ, հեղինակը վերջնարդյունքում ստանում է մի անհեթեթ եզրահանգում, թե հայկական կողմը մտադիր է զավթել Ջավախքը ռուսական զորքերի միջոցով:
Համեմատաբար ավելի «նուրբ» նյու է հրապարակել Georgian Times թերթը: Պարբերականը դժգոհում է, որ Հայաստանը չաջակցեց Աբխազիայի եւ Ցխինվալի շրջանի փախստականների մասին ՄԱԿ ԳԱ-ում բարձրացված հարցը՝ չհիշելով, թե Հայաստանի դեմ որքան ադրբեջանական բանաձեւերի ու փաստաթղթերի է աջակցել ինքը՝ Վրաստանը: Չհիշելով, որ ՎՈՒԱՄ շրջանակներում Վրաստանը փաստացի դարձել է Բաքվի ռազմա-քաղաքական դաշնակիցը:
«Ամեն անգամ, երվ Վրաստանը դժվար պահեր է ապրել, անմիջապես դուրս են պրծել ռեակցիոներ-հայեր, եւ եթե նախկինում երդվում էին, թե մեր եղբայրներն են, այժմ հրաժարվում էին ասածներից եւ տարածքային հավակնություններ ներկայացնում: Մենք դեռ լավ ենք հիշում, որ օգոստոսյան պատեազմի ժամանակ Վրաստանի խաղաղ բնակչությանը որքան են գնդակոծել Գյումրիի բազաներից թռած ինքնաթիռները»,- ակնհայտորեն ստում է թերթը, քանի որ պաշտոնական Երեւանը բոլոր միջոցներում ընդգծել է իր չեզոքությունը ռազմական գործողությունների ժամանակ: Ավելին, միջազգային փորձագետները Հայաստանի՝ օգոստոսյան պատերազմից կրած վնասը գնահատեցին մի քանի հարյուր միլիոն դոլար: Հայաստանից չեզոքության համար նեղացել էր եւ Ռուսաստանը: իսկ թե ինչ տարածքային հավակնությունների մասին է խոսվում հոդվածում, ընդհանրապես հասկանալի չէ:
«Վերջին շրջանում Երեւանից կառավարվող ուժերը կրկին ակտիվացել են եւ փորձում են „պայթեցնել“ Ջավախքը: Դրան ավելացել է նաեւ այն, որ Հայաստանի նախագահ սերժ Սարգսյանը պահանջում է Թբիլիսիից Ջավախքում հայերենը դարձնել տարածաշրջանային լեզու: Մի խոսքով, փաստ է, որ Երեւանը Վրաստանի նկատմամբ իրեն ոչ կոռեկտ է պահում»,- գրում է Georgian Times-ը:
Հարկ նշել, որ Հայաստանի նախագահը երբեւէ պահանջներ չի ներկաայցրել: Նա, մասնավորապես, հայտարարել է, թե Հայաստանն ու Վրաստանը որեւէ խնդիր չունեն, որը հնարավոր չէ լուծե երկխոսության միջոցով՝ առաջարկելով քննարկել հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու հարցը: Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն ինքը Երեւանում ցրեց բոլոր կասկածները՝ հայտարարելով, թե Հայաստանի հետ որեւէ խնդիր Վրաստանը չունի: Ավելին, Վրացական իշխանություններն իրենք են վաղուց ջավախքում իրավիճակը դարձրել պայթյունավտնագ, եւ միայն Երեւանից ձեռնարկվող քայլերն են, որ այս տարիներին թույլ չեն տվել պայթյունի առաջացումը:
Ստիպված ենք արձանագրել, որ վրացական ԶԼՄ-ները վարում են հայ-վրացական հարաբերությունների սրման, Ջավախքում կայունության վտանգման ակնհայտորեն պատվիրված արշավ: Թե ինչի դա կհանգեցնի Վրաստանին, դժվար չէ ենթադրել: Հայերն այդ երկրի վերջին մեծ համայնքն են:




























