ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշվել է տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում լիազոր եւ ազգային համակարգող մարմին նշանակել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։ «ՉԻ» - Ամոթ չլինի հարցնելը՝ իսկ մինչեւ հիմա ո՞վ էր։ Հենց այնպես չենք
հարցնում. ակնհայտորեն, այդ հարցով այսպես թե այնպես ԱԱԾ-ն էր զբաղվում։ Ուրեմն ինչո՞ւ նման որոշման անհրաժեշտություն առաջացավ, այն էլ՝ հրապարակայնորեն։ Ըստ երեւույթին պատճառն այն է, որ «տեղեկատվական անվտանգություն» ասելով պետք է հասկանալ նաեւ հաղորդակցման էլեկտրոնային միջոցների եւ հատկապես ինտերնետի վերահսկողությունր։

Արաբական աշխարհի վերջին իրադարձություններում, ինչպես հայտնի է, ինտերնետը հսկայական դեր խաղաց, եւ ահա Հայաստանի իշխանությունները որոշեցին պաշտոնապես ԱԱԾ-ին լիազորել վերահսկողություն սահմանել այդ ոլորտում։ Եվ ԱԱԾ-ն, կարող եք չկասկածել, ամեն ինչ կանի՝ այդ խնդիրը պատվով կատարելու համար, դա էլ հո արտգործնախարարության կայքը չէ, որ ադրբեջանցի հաքերները ջարդեն։ Այնպես որ՝ հաջողություն ենք մաղթում ԱԱԾ-ին, թեեւ որեւէ երկրի հատուկ ծառայությունների առ այսօր չի հաջողվել պայքարել ինտերնետի դեմ»։