Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 3-ին ժամանել է Բրատիսլավա, ուր մասնակցել է Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) հանդիպմանը: Այս հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵՄ արեւելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների, ինչպես նաեւ Գերմանիայի արտգործնախարարները, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ հարեւանության ու ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Հանդիպումը տեղի է ունեցել Վիշեգրադյան քառյակի հիմնադրման քսանամյակի շրջանակներում եւ նվիրված է եղել Արեւելյան գործընկերների եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցության հեռանկարներին, ակնկալիքներին եւ հետագա անելիքներին:
Նիստին ելույթով հանդես է եկել Էդվարդ Նալբանդյանը, ով ներկայացրել է Հայաստան-ԵՄ համագործակցության հիմնական ուղղությունները՝ ուրվագծելով Հայաստանի սպասելիքները ԵՄ հետ խորացված գործընկերությունից:
Արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մեկնաբանություններին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Արեւելյան գործընկերությունը ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումների եւ կարգավորման ձեւաչափը չէ, միջազգային հանրության կողմից ձեւավորված եւ աջակցվող միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Ադրբեջանի ներկայացուցչի ապակողմնորոշման փորձերին ի պատասխան Էդվարդ Նալբանդյանը համապատասխան պարզաբանումներ է տվել:



























