Անցած 5 օրերի ընթացքում Գյումրիում ընդամենը 24 ավտոմեքենաների վարորդներ են Շիրակի մարզպետարանի հետ պայմանագրեր կնքել իրենց մեքենաների մաքսազերծման համար բյուջեից անտոկոս վարկ ստանալու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Շիրակի մարզի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

Ըստ նրա, մարզում կա վրացական համարանիշներով 657 հաշվառված մեքենա, որից 586-ը համապատասխանում են անտոկոս վարկեր ստանալու պահանջներին:

Նշենք, որ մեքենաների մաքսազերծման համար 6-ամսյա անտոկոս վարկերի տրամադրման նպատակով մարզպետարանները շարունակում են վրացական համարանիշերով ավտոմեքենաների հաշվառման գործընթացի իրականացումը: Ինչպես հայտնի է, վարորդների շուրջ 20-օրյա բողոքներից հետո կառավարությունը որպես փոխզիջման տարբերակ ընտրեց վարորդների մի մասին անտոկոս վարկեր տրամադրելու գործընթացը՝ գումարը 6 ամսվա ընթացքում հետ վերադարձելու պայմանով: Կառավարության այս քայլը Շիրակի մարզի  վրացական համարանիշերով մեքենաների վարորդները բնութագրեցին հետեւյալ կերպ. «Անտոկոս վարկի տրամադրումը նույն է, թե կառավարությունն իր գրպանից մյուս գրպանը դրամ է տեղափոխում եւ իրենց ստիպում լցնել իր առաջին գրպանը»: