Մարտի 5-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 52 տարեկան: 1990-1992 թթ.-ին Վազգեն Սարգսյանը «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր: 1991-ին նա դարձավ Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը, իսկ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։

Հայրենիքի պաշտպանությանը մատուցած անգնահատելի ծառայությունների համար ժողովուրդը նրան կնքել էր «Սպարապետ» անունով:

Վազգեն Սարգսյանը սպանվել է 1999 թ․-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ոճրագործության հետեւանքով։

Նա 1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության «Ազգային հերոս» կոչմանը։

Ստորեւ ներկայացնում ենք Սպարապետ Վազգեն Սարգսյանի մտքերից մի քանիսը.

Ես երջանիկ մարդ եմ, որովհետեւ ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք: Բայց դա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը: Երբ այդ ուղին ընտրեցի` չգիտեի, որ նախարար էի դառնալու: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա: Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա:

Ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքան ես: Թե քաղաքական հայտարարություններ անողներն այս պատերազմում ի՞նչ ներդրումներ ունեն, ի՞նչ ջանքեր են ներդրել, քանի՞ ընկեր են կորցրել, քանի՞ հարազատ` դա իրենց գործն է, բայց պատերազմի ընթացքում ես կորցրել եմ իմ լավագույն ընկերներին:

Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի, ձեռք եմ բերել հպարտություն: Հանե՛ք այդ հպարտությունը, հանե՛ք այդ գաղափարը` տակը բան չկա: Ես կռվել եմ, կռվում եմ եւ կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար. իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող, հանգի՛ստ եղեք: