Ոստիկանության պետական պահպանության միավորման ոստիկաններից մեկը` շարքային 33-ամյա Վոլոդյա Սարգսյանը, ինքնասպան է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից: Դեպքը տեղի է ունեցել մարտի 4-ին, ժամը 20:00-ի սահմաններում: Ոստիկանության աշխատակիցը կյանքին վերջ է տվել Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) 4-րդ փողոցի 26 տան ավտոտնակում` կախվելու միջոցով:
Նշված հասցե է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունից հայտնեցին, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է փորձաքննություն, կատարվում է քննություն: Ըստ լուրերի` Վոլոդյա Սարգսյանը, ով աշխատում էր Ոստիկանության պետական պահպանության միավորման «Մալաթիայի պահպանություն» միավորումում, ժամանակ առաջ հեռացվել է ոստիկանության համակարգից: Նրա նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում գործ էր քննվում. նա կասկածվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու մեջ:





























