Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հրապարակել է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2018թ․ վճիռների եւ որոշումների կատարման դիտարկումները» զեկույցը, որում ներկայացրել է այն երկրների ցուցակը որոնց մասին ՄԻԵԴ-ում համապատասխան գործեր են քննվում։

Զեկույցի համաձայն, այսօրվա դրությամբ ՄԻԵԴ-ում քննվում է Հայաստանի հետ կապված 36 գործ։ 2017թ․ նույն ցուցանիշը կազմել է 30 գործ։

2018թ․ Հայաստանի հետ կապված առաջատար գործերի ընդհանուր թիվը 13 է, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը 11 էր։ Կրկնվող գործերի ընդհանուր թիվը 2018թ․ կազմել է 23, իսկ 2017թ․՝ 19։

2018թ․ դասակարգման է սպասում 8 գործ, իսկ 2017թ․ այդ ցուցանիշը եղել է 2։

Զեկույցի համաձայն, 2018թ․ ՄԻԵԴ-ի որոշումներով Հայաստանը վճարել է մոտ 196 000 (195 940) եվրո։

Հետաքրքիր է այն փաստը, որ ՄԻԵԴ-ին ներկայացված գործերի ամբողջ ցուցակում միայն մեկ երկրի հետ կապված ոչ մի գործ չկա՝ դա Անդորրան է։

Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանակից երկրներին, մասնավորապես՝ Ադրբեջանին եւ Վրաստանին, ապա այս երկրների ցուցանիշները կտրուկ տարբերվում են։

Հայաստանի ցուցանիշներին առավել մոտ են Վրաստանի տվյալները՝ այստեղ 2018թ․ ՄԻԵԴ-ի քննությանն է դրվել 41 գործ, այն դեպքում, երբ Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմում է 186։