Լիբիայում, որտեղ այժմ ռազմական գործողություններ են տեղի ունենում, երեք օրվա ընթացքում զոհվել է 47 մարդ՝ երեքշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յազարեւիչը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Վերջին երեք օրերի ընթացքում բժշկական հաստատությունները հայտնել են 47 զոհերի եւ 181 վիրավորների մասին։ Զոհվածների թվում կան 9 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երկու բժիշկներ»,- ասել է նա։
Յազարեւիչը նշել է, որ 2018-2019թթ․ ԱՀԿ-ն Լիբիայում բուժաշխատողների վրա ավելի քան 46 հարձակում է գրանցել։ Դրանց հետեւանքով զոհվել է 8 բժիշկ եւ պացիենտ, եւս 24 մարդ վիրավորվել է։ Նրա խոսքերով, ԱՀԿ-ում մտահոգված են նրանով, որ խիտ բնակեցված Տրիպոլիում հակամարտությունը կարող է ձգձգվել։
ԱՀԿ-ն նաեւ անհանգստացած է միգրանտների ճակատագրով, որոնք գտնվում են զինված հակամարտության շրջաններում տեղակայված հատուկ կենտրոններում։ Նրանցից ոմանք տուբերկուլյոզի դեմ բուժում են անցնում, որը չի կարելի ընդհատել։
Անցյալ հինգշաբթի մարշալ Խալիֆ Հաֆթարը իր ուժերին հրամայել էր Տրպոլիի վրա հարձակում սկսել՝ այն «ահաբեկիչներից ազատագրելու» համար։ Հաֆթարի բանակի ստորաբաժանումները վերահսկողություն էին սահմանել Գարյան եւ Սուրման քաղաքների վրա։ Ինչպես նաեւ նրա ռազմական ինքնաթիռները հարվածել էին Տրիպոլիի միակ գործող «Միտիգա» օդանավակայանին, որի պատճառով բոլոր չվերթները չեղյալ էին համարվել։





























