Յուրաքանչյուր համաներումից հետո համաներմամբ ազատ արձակված ինչ-որ քանակի անձինք կրկին հանցանք են գործում եւ վերադառնում քրեակատարողական հիմնարկներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, Բարձարգույն դատական խորհրդի մեկ տարվան նվիրված միջոցառաման ժամանակ նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով փաստին, որ համաներումից հետո համաներված 70 անձինք 130 հանցագործություն են գործել:

Նա նկատեց, որ իրենք դեռ համաներում հայտարարելուց հետո այդ մասին ասել են եւ դա կանխատեսելի էր. «Դեռեւս չկան դատավճիռներ եւ մինչեւ վերջ հաստատված չեն սրանք, բայց սա գիտությանը հայտնի է, կա վիճակագրություն, որի մասին խոսել ենք թե ԱԺ-ում, թե ոչ պաշտոնական հանդիպումներում: Այդուհանդերձ, համաներումը շատ կարեւոր նշանակություն է ունեցել Հայաստանի համար»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, հիմա Հայաստանում իրականացվում են ծրագրեր, որ ՔԿՀ-ներից ազատ արձակված անձինք ենթարկվեն սոցիալականացման, ունենան աշխատանք, եթե չունեն աշխատանք, ստանան նպաստ, որ ստիպված չլինեն իրենց կենսական խնդիրները լուծելու համար դիմելու գողության: