Հայաստանի գլխավոր դատախազությունը հրապարակայնացնում է 1980-ականների վերջերին Ադրբեջանում, մասնավորապես Սումգայիթում բնակվող հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների, զանգվածային բռնությունների դեպքերի առթիվ ՀԽՍՀ դատախազությունում քննված քրեական գործերի նյութերը եւ դրանց հիման վրա ստեղծվում է էլեկտրոնային արխիվ, որին ծանոթանալու հնարավորություն կընձեռվի լայն հասարակությանը, շահագրգիռ բոլոր կողմերին:
ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքներն իրականացվում են «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ: Նախատեսվում է, որ 2-3 ամսից արդեն արխիվը կունենա ամբողջական տեսք եւ կտեղադրվի համացանցում:
Նկատի ունենալով, որ այդ դեպքերն արդեն պատմական իրադարձություններ են եւ մեծ է հասարակական հետաքրքրությունը, որոշվել է ստեղծել էլեկտրոնային արխիվ՝ քրեական գործի նյութերը, դրանց թվում տեղի ունեցած ջարդերի, բռնությունների վերաբերյալ վկայությունները հանձնել կրիչին, օգտակար կարող են լինել ինչպես պատմագիրների, այնպես էլ քաղաքական գործիչների եւ ընդհանրապես հասարակության լայն շրջանակների համար, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա ճիշտ ըմբռնել եւ գնահատել պատմական իրադարձությունները:
Ի դեպ, Հայաստանի դատախազության արխիվում նյութերն ամբողջությամբ չեն պահպանվել, քանզի դրանցից անջատված առանձին գործեր ուղարկվել են ինչպես Ադրբեջան, այնպես էլ Ռուսաստան, որտեղ ոճրագործության անմիջական մի քանի մասնակիցներ, սպանություններ իրականացրած մի քանի անձինք դատապարտվել են տարբեր պատժաչափերի՝ ընդհուպ մահապատժի:




























