Սեպտեմբերի 24-ին Երեւանի թիվ 8 ընտրատարածքում պատգամավոր դառնալու հայտ է ներկայացրել Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը:

Ի դեպ, նախօրեին իրենց թեկնածությունն էին առաջադրել նույն ընտրատարածքի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն ու Կորյուն Նահապետյանը: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքի պատգամավորի մանդատը թափուր էր մնացել Հակոբ Հակոբյանի նկատմամբ՝ դատարանի կայացրած վճռի ուժի մեջ մտնելու պատճառով:

NEWS.am-ի տեղեկություններով, թիվ 8 ընտրատարածքում առաջադրվելու է նաեւ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը:

Նոր առաջադրումներ կան նաեւ Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքում, որի պատգամավորի մանդատը թափուր է մնացել Սասուն Միքայելյանին 8 տարի դատապարտելուց հետո: ԸԸՀ նախագահ Անդրանիկ Ապոյանը NEWS.am-ին հայտնեց, որ սեպտեմբերի 24-ին առաջադրվել է անկուսակցականներ Մհեր Հայրապետյանն ու Արթուր Հովհաննիսյանը: Վերջինս ոստիկանության աշխատակից է: Երեկ առաջադրվել էր «Բարգավաճ Հայաստանի» անդամ Մխիթար Հարությունյանը:

Նշենք, որ առաջադրումների վերջնաժամկետը սեպտեմբերի 27-ն է, իսկ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 6-ին: