Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Հանդիպմանը նրանք քննարկել են պետություն-եկեղեցի հարաբերություններին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա զարգացումներին վերաբերող հարցեր:
Սերժ Սարգսյանն ասել է, որ գործընթացը թեւակոխել է մի շատ կարեւոր` հասարակական-քաղաքական քննարկումների փուլ: Նա նշել է, որ գնալով ընդլայնվող քննարկումներն ինքնին շատ օգտակար են, քանի որ, անկախ այն բանից` հրապարակված արձանագրությունները կստորագրվեն, թե` ոչ, կվավերացվեն, թե` ոչ, քննարկումները լավ հարթակ են` խոսելու մեր հարաբերությունների եւ խնդիրների մասին:
«Իհարկե, դրանցում կան հուզական երեւույթներ ու տարրեր, եւ այլ կերպ լինել չի էլ կարող, քանի որ մեր ժողովրդի մի հսկայական հատված ցեղասպանության ենթարկված մարդկանց սերունդ է: Բացի այդ, սահմանից այն կողմ մեր սրբություններն են, մեր եկեղեցիներն են, մեր մայրաքաղաքն է, իսկ շատ շատերի` նաեւ պապենական տների մնացորդները: Ես սա հասկանում եմ, քանի որ շատ պարագաներում ինքս էլ ներքուստ պայքարում եմ իմ հույզերի հետ: Բայց, այդուհանդերձ, համոզված եմ, որ այս քննարկումներն անհրաժեշտ են»,-ասել է երկրի ղեկավարը:
Սերժ Սարգսյանը Կաթողիկոսին տեղեկացրել է, որ հոկտեմբերի 1-ից մեկշաբաթյա այցելությունների շարք է սկսելու Փարիզի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Բեյրութի ու Դոնի Ռոստովի հայկական մեծ գաղթօջախներ` լսելու տեղի եւ համեմատաբար մոտ գտնվող այլ գաղթօջախների հայության կարծիքն ու տեսակետները՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Գարեգին Բ-ն ողջունել է նախագահի համահայկական ուղեւորության նախաձեռնությունը: «Սփյուռքը մեր ժողովրդի կարեւոր եւ անբաժանելի մասն է, եւ ճիշտ է, որ Սփյուռքի մեր զավակները, ովքեր այս օրերին նույնպես բուռն քննարկում են հայ-թուրքական նախաստորագրված փաստաթղթերը, հնարավորություն ունենան անձամբ Ձեզանից պատասխաններ լսելու իրենց հուզող հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ Դուք հաղորդ դառնաք Սփյուռքի մեր զավակների մտածումներին, տեսակետներին եւ մտահոգություններին»,- ասել է Վեհափառը՝ հավելելով, որ Գերագույն հոգեւոր խորհուրդն առաջիկա նիստում քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, նախաստորագրված փաստաթղթերը եւ հանդես է գալու համապատասխան հայտարարությամբ:
«Մեծարգո նախագահ, մաղթում ենք Ձեզ հաջողություններ: Աստծո օրհնությունն ու օգնականությունը Ձեզ այս կարեւոր ճամփին»,-ասել է Վեհափառը:




























