2019 հունիսի 5-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին` Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ՍԴ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության համար եւ հետագա հաջողություններ մաղթել վերջինիս:

Դեսպանն իր հերթին գոհունակություն է հայտնել Սահմանադրական դատարանին եւ անձամբ՝ Հրայր Թովմասյանին վերջին շրջանում ակտիվ եւ արդյունավետ համագործակցության համար, որի արդյունքում հնարավոր եղավ բարձր մակարդակով կազմակերպել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան եւ դրա շրջանակներում՝ արգասաբեր եւ բովանդակալից հանդիպումներ:

Հրայր Թովմասյանը բարձր է գնահատել GIZ-ի իրավական ծրագրի հետ Սահմանադրական դատարանի արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ հնարավոր է դարձել սահմանադրական իրավունքի ոլորտում գերմանացի գործընկերների հետ իրականացնել փորձի փոխանակման բազմաթիվ ծրագրեր:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին ու խնդիրներին՝ կարեւորելով այդ բարեփոխումների իրականացումը ՀՀ Սահմանադրությանը եւ Հայաստանի միջազգային պարտավորություններին համահունչ:

Հանդիպման ավարտին Հրայր Թովմասյանը նշել է, որ Մաթիաս Քիսլերին Հայաստանում հիշելու են իբրեւ բանիմաց եւ հաջողված դիվանագետի, որի առաքելությունը արձանագրել է նոր հաջողություններ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ տարբեր ոլորտներում կապերի ամրապնդման եւ զարգացման համար: Դեսպանն իր հերթին նշել է, որ Հայաստանից հեռանում է միայն դրական տպավորություններով: