Թաթուլ Մանասերյանի հայցը, որով նա «Ժամանակ» օրաթերթին դատի է տվել՝ մեղադրելով նրան իրեն զրպարտելու՝ վաշխառության, տոկոսով գումարներ տալու մեջ, իրավական հիմքեր չունի։ Մարտի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժամանակ» օրաթերթի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։
«Նման իրողություն գոյություն չունի, նման փաստեր չկան։ Իմ ձեռքի տակ կա այն քրեական գործը, որով որպես վկա անցնում է Մանասերյանը եւ մենք դիմել ենք դատարանին, որպեսզի վերջինս պահանջի այդ գործը։ Այնտեղ կան ցուցմունքներ, առերես հարցաքննություններ Մանասերյանի հետ։
Թերթը չի տպել, որ նրան մեղադրանք է առաջադրվել, թերթը տպել է, որ կա քրեական գործ, որով որպես վկա անցնում է Մանասերյանը, որի դեմ ցուցմունք է տրված, որ նա մարդկանց տոկոսով փող է տվել»,- բացատրեց Նիկոլայ Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ հոդվածի հեղինակն այն գրելու ժամանակ գուցե դատական տերմինալոգիան չի պահպանել, ինչի արդյունքում էլ թյուրիմացություն է եղել։
Անդրադառնալով «Ժամանակ» օրաթերթի դեմ «Գլենդել հիլզ» ընկերության հայցին՝ փաստաբանը նկատեց, որ այն ներկայացվել է թերթում լույս տեսած հոդվածում Գյումրիի «Մուշ» նորկառույց թաղամասի բնակարաններից մեկի առաստաղի «ինքնափլուզում» բառի առկայության պատճառով։
«Նրանք գտնում են, որ մենք պետք է գրեինք՝ իբր առաստաղը թափվել է։ Թերթն այս մասին գրելով՝ հիմք է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, իսկ ինչպես հայտնի է, հեղինակության խոսքերը կարելի է մեջբերել առանց ստուգելու»,- ասաց նա։
Ամփոփելով՝ փաստաբանը հիշեցրեց, որ Մանասերյանը թերթից պահանջել է 2,5 մլն, «Գլենդել հիլզը»՝ 3 մլն դրամ։





























