Ամուլսարի հանքավայրի խնդիրը տարբեր ասպեկտներ ունի ՝ իրավական, բնապահպանական, տնտեսական: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավաբան Նազելի Վարդանյանը:
Փորձագետը ներկայացրեց խնդրի վերաբերյալ իր տեսակետը.
Սկսենք նրանից, որ Lydian Armenia ՓԲԸ-ն Հայաստանում գրանցված է որպես ռեզիդենտ կազմակերպություն, այսինքն սա հայկական կազմակերպություն է:
Ընկերության եւ Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարության միջեւ ընդերքների օգտագործման մասին կնքված պայմանագրի համաձայն՝ բոլոր վեճերը քննվում են Հայաստանի դատարաններում: Այն դեպքում, եթե բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է օտարերկրյա պետությանը, ապա միաժամանակ նրանց ներդրումները պաշտպանվում են Ներդրումների մասին պայամնագրով՝ կնքված ՀՀ եւ այն երկրի միջեւ, որի ռեզինդենտը տվյալ ընկերությունն է:
Տվյալ դեպքում Lydian Armenia-ի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում են «Lydian resources Armenia» ընկերությանը, որը գրանցված է Վիրջինիա կղզում (Բրիտանիա)՝ օֆշորային գոտում:
Հայաստանը պայմանագիր ունի Բրիտանիայի, Կանադայի եւ այլ երկրների հետ, սակայն օֆշորային գոտու ընկերությունների վրա Բրիտանիայի իրավասությունը չի տարածվում:
Դրա համար այդ ընկերության հայցը չի կարող քննվել Միջազգային արբիտրաժում: Միջազգային արբիտրաժ դիմելու հնարավորությոուն ստանալու համար ընկերությունը 2018-ի օգոստոսին՝ այսինքն Ջերմուկ քաղաքի բնակիչների կողմից հանք տանող ճանապարհը փակելուց 2 ամիս անց, գրանցել է երկու դուստր ընկերություններ Լոնդոնում եւ Տորոնտոյում:
Այս նորից ստեղծված ընկերությունները այս տարվա մարտի 11-ին դիմում են ներկայացրել Հայաստանի կառավարություն՝ հետո արբիտրաժ դիմելու համար: Այս ընթացակարգը նախատեսված է ներդրումների մասին պայմանագրերով:
Եթե հարցը խաղաղ ճանապարհով չի լուծվում, որոշակի ժամկետում կարող են դիմել արբիտրաժ: Բրիտանիայի հետ պայմանագրով նախատեսվում է դիմումից հետո 3 ամսվա ընթացքում դիմել արբիտրաժ: Կանադայի հետ պայմանագրով, որը կավարտվի սեպտեմբերի 11-ին, նախատեսվում է 6 ամիս:
Եթե անգամ նրանք դիմեն Արբիտրաժ, նրանք գործը շահելու հնարավորություն չունեն, դա մեծ ծախսեր եւ երկարատեւ գործընթաց կառաջացնի:
Հարց է ծագում. ինչու մեր կառավարությունը հող չի նախապատրաստում պետության եւ ժողովրդի շահերի պաշտպանության համար: Ինչու մեր պետությունը անգամ դիմումն ընդունելուց հետո միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի հետո այդ կազմակերպությունները դատարանի միջոցով չկարողանան ինչ-որ բան պահանջել:
Հակառակը՝ իշխանության շատ ներկայացուցիչներ այդ կազմակերպությունների փաստաբանի եւ հաշվապահի դեր են ստանձնել:
Անցյալ տարվա սեպտեմբերին ես իրավական եզրակացություն ներկայացրեցի Հայաստանի օրենսդրության եւ երկրի կողմից վավերացրած կոնվենցիաների խախտման մասին՝ նշելով կոռուպցիոն ռիսկերը եւ յուրաքանչյուրի վերաբերյալ պետք էր հետաքննություն անցկացնել եւ քրեական գործեր հարուցել, մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Ինչու՞ դա չի արվում: Ինչու՞ չի խոսվում վտանգների եւ պոտենցիալ վնասի մասին, այն մասին, որ իրականում այս կազմակերպության անգործությամբ մեր պետությանը վնաս է հասցվել:
Ամենապարզ օրինակը. Lydian Armenia-ն առաջին բնապահպանական եզրակացությունը ստացել է 2009թ.: Հանքի շահագործման թույլտվությունը տրվել էր 10 տարով: Այսինքն՝ մենք այսօր պետք է խոսենք հանքի փակման, այլ ոչ թե բացման մասին:
2009-ից նրանք պետք է աշխատեին, շահութահարկ վճարեին, այլ պարտադիր վճարներ կատարեին: Խոսակցություններն այն մասին, որ «կբացենք եւ ոսկու մեջ կլողանք», անհիմն են:
Եթե հավատանք նրանց փաստարկներին, մենք արդեն 10 տարի պետք է «ոսկու մեջ լողայինք»: Իրականում մենք կորցրեցինք ունեցած ռեսուրսները: Այս տարածքում կարող էին հոտեր արածել, գյուղատնտեսական մշակաբույսեր աճել, այգիներ ծաղկել: Մարդիկ արտադրանք կտային, հարկեր կվճարեին, շահույթ կստանային: Դրա փոխարեն՝ անապատ, ծառահատված այգիներ:
10 տարի ընկերությունը ոչինչ չի արել: Վերջին 2 տարում սկել էին ինչ-որ բան կառուցել:
Հողի մի մասը գնել էին, մյուս մասն անհատույց վերցել ժողովրդից: Կտրել էին ծիրանի ագիներ: Ամենասարսափելին, որ կտրել էին գարնանը, երբ այգիները ծաղկում էին, ինչը խոսում է սեփականատերերի բարոյական կերպարի մասին:
Մինչեւ հիմա չեմ կարող մոռանալ այդ պատկերը. ժողովրդից խլեցին 152 հա հող, զրկեցին այդ հողի հաշվին ապրելու հնարավորությունից: Ի՞նչ ենք մենք ուզում: Եվս 10 տարի այսպես նստե՞լ:
Բայց չէ որ նախատեսվում էր այլ կերպ օգտագործել այս տարածքը: 2008-ին Կառավարությունը Ջերմուկում առողջապահության եւ տուրիզմի զարգացման մասին որոշում ընդունեց:
Արդեն պայմանավորվածություններ կային շվեյցարական ընկերության հետ տուրիստական կենտրոնի եւ ամառային եւ ձմեռային տուրիզմի սպորտային կենտրոնի կառուցման մասին:
Սա կգրավեր ամբողջ աշխարհի զբոսաշրջիկներին: Ջերմուկը 2100 մ բարձրության վրա է գտնվում, Ամուլսարը՝ 3000 մ: Շատ մարզիկներ, անգամ խորհրդային տարիներին, Ջերմուկ էին գալիս մարզվելու: Եվ դա կլիներ տնտեսության երկարատեւ, այլ ոչ թե կործանարար զարգացում:
Ընկերությունը կեղծել է հետազոտության բոլոր տվյալները: Ոչ մի խոսք չկա Ջերմուկի եւ Սեւանի էկոլոգիայի վրա բացասական ազդեցության բացակայության մասին: Հակառակը՝ շատ է խոսվում ռիսկերի մասին, շատ մատնանշումներ կան, որ ընկերությունը փորձաքննության է ներկայացրել ոչ ամբողջական տվյալներ, սխալ տվյալներ, օգտագործել է սխալ մեթոդ: Ընկերությունը հանքավայրի մշակման փորձաքննության ոչ մի օրվա փորձ չունի, չնայած հայկական օրենսդրությունը անհրաժեշտ պահանջ է համարում 5 տարվա փորձի առկայությունը:
Պարզապես ծիծաղելի են «ռիսկերի բացակայության երաշխիքների» մասին խոսակցությունները: Անգամ Տեր Աստվածը չի կարող երաշխավորել: Հիմարություն է այդպիսի երաշխիքներ տալը, երբ դա կապված է բնության եւ լեռնային տեղանքի հետ: Տարածաշրջանում 10-բալանոց սեյսմիկ ռիսկեր կան: Տառացիորեն անցյալ շաբաթ գրանցվել է 2 ստորգետնյա ցնցում: Ինչի՞ մասին է սա ասում: Այն մասին, որ շատ մեծ ռիսկեր կան: Այն, որ արտասահմանցի փորձագետներն իրենք են ասում ոչ թե 100, այլ 500 տարի մոնիթորինգի անհրաժեշտության մասին, սա արդեն խոսում է ամբողջ մտահղացման հիմարության մասին: Եթե ռիսկեր չկան, ապա ինչո՞ւ 500 տարի: Եվ ինչո՞ւ Հայաստանի մի քանի սերունդ պետք է լինի ինչ-որ անհասկանալի ընկերության գերին: Երկրագնդի վրա չկա ոչ մի կազմակերպություն, որը 500 տարեկան լինի: Իսկ ո՞վ է վճարելու: Պարզ հաշվարկը ցույց է տալիս մտահղացման ոչ եկամտաբերությունը՝ 500 տարի շարունակ մոնիթորինգ, մաքրում, ռիսկերի նախազգուշացում: Իսկ տարօրինակն այն է, որ այն մասին խոսելու փոխարեն, որ ընկերությունը պետք է Հայաստանին վճարի մեծ գումար, քանի որ 10 տարի չի զբաղվել գործունեությամբ եւ պետությանը շահույթից զրկել է, բնակիչներին զրկել է եկամտից, դեռ մենք ենք վճարում նրանց ծախսերը: Սա ապաբարոյական է: Չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ է այդ ընկերությանը փաստաբանական ծառայություններ տրամադրելու փորձ արվում:
Ամուլսարի հարցն իրականում կարգավորված է օրենսդրությամբ: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ կետում դրույթ կա այն մասին, որ եթե մեկ տարվա ընթացքում կազմակերպությունը բնապահպանական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո գործունեություն չի սկսում, ինչի համար ստացվել է փորձաքննությունը (այն տրվել է կվարցային ոսկեբեր հանքի մշակման համար), որոշումն իրավաբանական ուժը կորցնում է: Այսինքն՝ 2017 թվականի ապրիլի 30-ին փորձաքննության եզրակացությունը իրավաբանական ուժը կորցրել էր: Ոչ մի ընկերություն առանց փորձագիտական դրական եզրակացության Ամուլսարի տարածքում որեւէ գործունեություն իրականացնելու իրավունք չունի: Այսինքն՝ առանց նոր փորձաքննության անհնար է գործունեության թույլտվություն տալ:
Ինչ վերաբերում է այն քրեական գործին, որի շրջանակում փորձաքննություն է անցկացվել, եւ դրան հաջորդող հայտարարությունները, քրեական է եւ Քրեադատավարական օրենսգրքի տիրույթում է: Ինչո՞ւ են նրանք խնդիրը խորացնում եւ իրենց համար խնդիրներ ստեղծում: Իրականում ընկերությունն այնտեղ աշխատելու իրավունքը կորցրել է:
Փոշու բացակայության մասին խոսակցությունները նույնպես հիմնազուկ են: Երբ պայթյունատեխնիկական աշխատանքներ էին անցկացվում, Ջերմուկի բնակիչները դարձել էին «փոշու բացակայության» վկաները՝ փոշի, մշուշ, ցեխ, անձրեւից հետո մեքենաների վրա կարմիր մուր էր նստել:
Դրանից բացի, այստեղ գրանցվել է ճառագայթման բարձր մակարդակ, հետեւաբար այստեղ ռադիոակտիվ տարրեր կան: Ոսկու պարունակության մասին հնարավոր է խոսել, բայց այնտեղ այն ավելին չէ, քան ցանկացած այլ վայրում, նույնիսկ պոչամբարում: Ամուլսարի մեկ տոննա հանքանյութի մեջ մարունակվում է 0,75 գրամ ոսկի: Մեկ մատանու ոսկի արդյունահանելու համար պետք է մշակել 20 տոննա հանքապար: Նույն հաջողությամբ կարելի է մշակել ցանկացած պոչամբար:
Իսկ պատկերացրեք, որ 2 տարի հետո ընկերությունը կսնանկանա: Նա արդեն հիմա վիթխարի խնդիրներ ունի, եւ աուդիտը նրան անհուսալի գործընկեր է ճանաչել: Ո՞վ պետք է վերացնի հետեւանքները: Հայաստանի կառավարությո՞ւնը: Ո՞ւմ հաշվին:
Արդեն հիմա կարելի է խոսել ընկերության գործունեության հետեւանքով ռադոնային ֆոնի մեծացման մասին: Եվ սա ես չեմ ասում, այլ Հայաստանի ԳԱԱ Սեւանի հարցով հանձնաժողովը: Այնպես որ՝ բնակիչներն իրենք կարող են ՄԻԵԴ միջոցով պահանջել իրենց իրավունքների պաշտպանությունը:
Ընկերությունը պատրաստվում է այդպիսի բարձրության վրա 10 հազար տոննայի ցիանային մակերես ստեղծել: 10-բալանոց երկրաշարժերի գոտում ինչ-որ մեկը երաշխիքների մասի՞ն է խոսում: Սա ռումբ է Հայաստանի տարածքի 80 տոկոսի տակ: Յուրաքանչյուր պայթյունից Ջերմուկի ջուրը կարող է անհետանալ: Ջերմուկում շենքեր կառուցելիս հիմքը մեխանիկական եղանակով են փորում՝ աղբյուրները կորցնելու վախից պայթեցման աշխատանքներ չկատարելով: Իսկ այստեղ պատրաստվում են պայթեցնել հազարավոր տոննաներով ապար:
Չի հաշվարկված ծծմբաթթվի դրենաժավորումը Որոտանի թունել. մինչդեռ մշակվող հանքը ուղղակի դրա տակ է: Եվ հիմա թունելում շատ ջուր կա, սա դրենաժավորման հետեւանքն է, ընդ որում՝ ջրի թթվայնությունն արդեն բարձրացել է: Եվ ոչ մեկը չի հաշվարկել, թե այն ինչպես կազդի թունելի երկաթ-բետոնե կառուցվածքների վրա: Սա ռազմավարական նշանակության օբյեկտ է՝ մի քանի միլիարդ արժողությամբ: Մենք չգիտենք, թե դա ինչպես կազդի Սպանդարյանի ջրամբարի, Կեչուտի ջրամբարի ամբարտակի վրա: Պատկերացնո՞ւմ եք հետեւանքները: Հայաստանին նման բան թշնամին էլ չի ցանկանա:





























