Մահացել է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն: Նա 95 տարեկանում մահացել է հիվանդության դեմ երկարատեւ պայքարից հետո, BBC-ին հայտնել են նրա ընտանիքի անդամները:

Զիմբաբվեի կրթության նախարար Ֆադզաի Մահերեն «Թվիթերում» նշել է. «Ռոբերտ Մուգաբե, հանգչիր խաղաղությամբ»:

Մուգաբեն Զիմբաբվեի առաջնորդն էր 30 տարուց ավելի: 1980 թվականին ամբողջ Զիմբաբեն միասնաբար ողջունել էր Ռոբերտ Մուգաբեին, որը ղեկավարել էր անկախություն ստացած երկրի կառավարությունը:

Նոր վարչապետը համարվում էր գաղութատիրության եւ ապատեիդի դեմ պայքարի հերոս:

Նա մոտ 10 տարի անցկացրել է բանտում: Իսկ ազատվելուց հետո փախել է հարեւան Մոզամբիկ, որ այնտեղից ղեկավարի Յան Սմիթի կառավարության դեմ զինված պայքարը:

Նա 1979 թվականին նրանցից մեկն էր, ով ստորագրել է, այսպես կոչված, «Լանքասթերյան համաձայնագրերը», որոնցով դադարեցվեց քաղաքացիական պատերազմը եւ ապահովվեց համընդհանուր ընտրությունների անցկացումը:

2017 թվականի նոյեմբերի 4-ին, երբ Մուգաբեն պաշտոնանկ արեց փոխնախագահ Էմերսոն Մնանգագվային, որը համարվում էր պետության ղեկավարի հավանական ժառանգորդը, բանակային ստորաբաժանումները փակեցին երկրի հիմնական մայրուղիները: Նոյեմբերի 15-ի գիշերը Հարարեում գրավվեց ZBC պետական հեռուստառադիոընկերության շենքը:

Նոյեմբերի 18-ին երկրում ընթացան Մուգաբեի դեմ զանգվածային բողոքի ցույցեր: Նոյեմբերի 19-ին Զիմբաբվեում իշխող կուսակցությունը Մուգաբեին կոչ արեց հրաժարական տալ այն բանից հետո, երբ խորհրդարանում սկսվեց իմփիչմենթի ընթացակարգը: Պաշտոնից հեռանալով նա անմիջապես ստանալու էր 5 մլն դոլար, իսկ մինչեւ կյանքի վերջը ամսական 150 հազար դոլար՝ ըստ համաձայնագրի, որը նրան նաեւ իրավաբանական անձեռնմխելիությամբ էր օժտում: Ավելի ուշ հայտնի դարձավ գյուղ տեղափոխվելու եւ գյուղատնտեսությամբ զբաղվելու Մուգաբեի ծրագրերի մասին:

2018 թվականի մարտի 15-ին հրաժարականից հետո իր առաջին հարցազրույցում Մուգաբեն հայտարարել էր, որ տապալվել է «պետական հեղաշրջման» հետեւանքով, որի արդյունքները պետք է չեղյալ հայտարարվեն: Նա նաեւ հայտարարել էր, որ չի աշխատի Մնանգագվայի հետ, եւ նրա նախագահությունն անվանել էր «ապօրինի» եւ «ոչ սահմանադրական»: