«Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ թե' Հայաստանում, թե' Սփյուռքում մոտեցումների տարբերություն կա, ինչը ժողովուրդ-իշխանություն անվստահության արդյունքն է։ Որեւէ մեկ զիջում թե ցեղասպանության, եւ թե Ղարաբաղի հարցում ընդունելի չէ»,- այս մասին այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր, ՍԴՀԿ անդամ Եղիա Ջերեջյանը: Նրա հավաստմամբ, ժողովուրդը մտավախություն ունի, որ հայ-թուրքական սահմանի բացումից մեր ապագան կարող է կառուցվել՝ ի վնաս մեզ։

«Կան մարդիկ, որոնք գտնում են, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսելը ոչինչ չի փոխի, կան մարդիկ, որոնք իրոք մտավախություններ ունեն»,-հայտարարեց նա, ընդգծելով, որ Լիբանանի «Հնչակյան» կուսակցությունը համագումարի ժամանակ շատ խիստ քննադատել է հայ-թուրքական համատեղ նախաստորագրված արձանագրությունները, որի ժամանակ տարբեր տեսակետներ եւ հարցեր են արտահայտվել եւ որոնց պատասխանները ակնկալվում են նախագահի այցելության ժամանակ։

«Նախագահի այցի ժամանակ հրավիրվելու են բոլոր հիմնական ուժերը, նախագահը ներկայացնելու է իր եւ Հայաստանի իշխանությունների պաշտոնական բացատրությունները, որի ժամանակ մեր կողմից անպայման հարցադրումներ կառաջանան,եւ որոնց պատասխանները նույնպես ակնկալվում են»,- իր խոսքն ամփոփեց Հնչակյան գործիչը: