Այն, ինչ կատարվում է Հայաստանում, դժվար էր տեսնել նույնիսկ ամենավատ երազում: «Փոփոխվող Մերձավոր Արեւելքը եւ անվտանգ միջավայրը Հայաստանի համար» կոնֆերանսում նման կարծիք հայտնեց վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

Նրա խոսքով՝ չնայած նրան, որ դրանում մեղավոր են բոլորը, այդուհանդերձ, ցանկացած իրավիճակում պատասխանատվության մեծ մասը կրում են իշխանություններն այն պարզ պատճառով, որ ունեն բոլոր լծակները: Սակայն, Բեքարյանի խոսքով, իշխանությունները հակված չեն լսելու փորձագետների եւ վերլուծաբանների կարծիքները: Խոսելով վարչապետի հայտնի այն հայտարարության մասին, թե «Արցախը Հայաստան է, եւ վերջ», Բեքարյանը նկատեց, որ դժվար է պատկերացնել, թե ինչ կարող էր խորհուրդ տալ ԱԳՆ-ը: Այդ գերատեսչությունը, ինչպես նշեց Բեքարյանը, հանդես է գալիս որպես սրբագրիչ: «Ինստիտուտները պատշաճ ձեւով չեն աշխատում, նույնիսկ ինստիտուտների փորձը չի օգտագործվում»,- հայտարարեց վերլուծաբանը:

Նա որպես օրինակ բերեց երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսն ու ԱԳՆ-ի հայտարարությունը, որում նշվում է տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումն ապահովելու Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքը: «Վե՞րջ: Դա այն է, ինչ մենք ակնկալո՞ւմ ենք Արցախից: Միայն այդ երեք ուղղություննե՞րը: Սխալներ կարող են լինել բանավոր խոսքում, սակայն նույն ձեւակերպումը գրավոր տեքստո՞ւմ: Եվ երկրորդ, աշխատո՞ւմ են ռիսկերի գնահատման ինստիտուտները»,- հարց ուղղեց Բեքարյանը: Նա նաեւ քննադատեց «Կոմերսանտ»-ին տված վարչապետի հարցազրույցը:

«Ուզում եմ վստահեցնել, որ հենց մենք ենք ռուսներին կանչում տարածաշրջան՝ դրան հաջորդող բոլոր հետեւանքներով: Եվ ի՞նչ դիվիդենտներ ես դու ուզում ստանալ»,- նկատեց Բեքարյանը:

Նա հավելեց, որ իշխանություններն իրենց աշխատանքը գնահատում են արդյունավետ, իսկ հասարակությանը՝ երջանիկ: «Այդ ամենի համար խիստ պատիժ պետք է լինի»,- զգուշացրեց Կարեն Բեքարյանը: