Հայաստանում Անվտանգության խորհուրդ չկա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Փոփոխվող Մերձավոր Արեւելքը եւ Հայաստանի անվտանգային միջավայրը» թեմայով քննարկման ժամանակ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«2 տարվա ընթացքում որեւէ շոշափելի բան այդ կառույցը չի տվել, պարալիզացրել է այդ կառույցի գործունեությունը։ Աշխարհում այդ կառույցը շատ կարեւոր կառույց է, որը մեզ մոտ չունենք։ Ամերիկայի Անվտանգության խորհուրդը համակարգում է նախագահի խորհրդականը, եւ նա ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ աշխարհում»,- ասաց Սուրեն Սարգսյանը։
Միջազգայնագետի խոսքով՝ Հայաստանը գլոբալ առումով չունի ռազմավարություն. «Եթե չենք նայում՝ ուր ենք գնում, ովքեր են մեր սպառնալիքները, թշնամիները։ Օրինակ՝ Պակիստանը միակ պետությունն է, որն ասում է՝ Հայաստան պետություն գոյություն չունի։ Ու քարտեզի վրա Հայաստանը որ կա, ասում է՝ դա Ադրբեջանն է։ Որեւէ փաստաթղթում գրած չէ, որ Պակիստանը Հայաստանի թշնամին է կամ թշնամաբար տրամադրված է։ Իհարկե, գիտական-վերլուծական կենտրոններ կան Հայաստանում եւ արտասահմանում, որ մեր տարածաշրջանի վերաբերյալ հետաքրքիր ուսումնասիրություններ են անում։ Մեզ մոտ զարգացած չէ այն մշակույթը, որ մեր պետությունը համագործակցի էքսպերտների հետ։ Կա պետական հիմնարկ, որ ասում է՝ էքսպերտներին պետք է քշենք։ Այդ էքսպերտները կարող են բոլորին քշել։ Գլոբալ մարտավարության բացակայությունը ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Պետական համակարգում չկան այնպիսի մարդիկ, որ Ադրբեջանն իսկապես իմանան»։



























