ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հոկտեմբերի 30-ին հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Էլիսոն Չիքին եւ նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Էնթոնի Բրամուելին (նստավայրը ք. Թբիլիսի): Այս մասին հայտնում են ՊՆ-ի լրատվության ծառայությունից։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ռազմական կցորդին՝ առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել Հայաստանում պաշտոնավարման ընթացքում:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցությունը, որը ներառում է տարբեր ուղղություններ՝ խորհրդատվություն ռազմավարական մակարդակում, ռազմական կրթություն, մարտական պատրաստություն եւ այլն, գտնվում է բարձր մակարդակի վրա եւ շարունակում է կանոնավոր զարգանալ:

Տիկին Չիքն իր հերթին հաստատելով համագործակցությունը զարգացնելու բրիտանական կողմի պատրաստակամությունը, նշել է, որ այն կարեւորվում է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության կողմից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: