Լիբանանը Հայաստանի համար բարեկամական երկիր է, որի հետ մեզ կապում են ջերմ եւ բազմաշերտ հարաբերությունները։ Մենք հուսով ենք, որ Լիբանանի ներքաղաքական գործընթացներում կգտնվեն լավագույն լուծումները՝ ի բարօրություն երկրի հետագա կայունացման ու բարգավաճման եւ բարեկամական լիբանանյան ժողովրդի բարեկեցության։ Այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Ինչպես ընդգծեց Նաղդալյանը, Լիբանանում բոլոր իրադարձությունների ընթացքում երկրում Հայաստանի դեսպանությունը գործում է արտակարգ ռեժիմով, եւ դա այն դեսպանություններից մեկն է, որոնց հյուպատոսական բաժինը շարունակում է ընդունելությունը եւ շուրջօրյա ծառայություններ է մատուցում Հայաստանի քաղաքացիներին։ «Ինչպես հայտնի է, դեսպանությունը հայտարարությամբ դիմել է Լիբանանում ժամանակավորապես գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ կոչ անելով հեռու մնալ կուտակումներից եւ խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց։ Ինչ վերաբերում է Լիբանանի հայ համայնքին, ապա այն սահմանադրորեն ներկայացված է երկրի պետական մարմիններում եւ մասնակցում է ներքաղաքական գործընթացներին՝ որպես երկրի քաղաքական կյանքին բնականաբար մասնակող եւ գործող մաս։ Բեյրութում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է ինչպես համայնքային կառույցների ղեկավարների, այնպես էլ Լիբանանի իշխանությունների համապատասխան ներկայացուցիչների հետ»,- նշեց Նաղդալյանը։