Մեր հայրենիքի առջև այսօր բազմաթիվ խնդիրներ են ծառացել, և ես վստահ եմ, որ դուք անկեղծորեն կլծվեք այդ խնդիրների լուծման գործին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականների հանձնման արարողությունից առաջ ողջույնի խոսքում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա  վստահություն է հայտնել, որ քաղաքական դպրոցում ձեռք բերած գիտելիքները տարբեր կուսակցություններում, նաև հասարակական կազմակերպություններում շրջանավարտները կօգտագործեն ի բարօրություն մեր երկրի:

«Հայաստանը միշտ էլ, հիմա առավել ևս, կարիք ունի խելացի, մասնագիտական լավ որակներ ունեցող, ճիշտ և ժամանակին որոշումներ կայացնող և որ ամենակարևորն է՝ իր հայրենիքն անսահման սիրող մարդկանց: Մեր հայրենիքի առջև այսօր բազմաթիվ խնդիրներ են ծառացել, և ես վստահ եմ, որ դուք անկեղծորեն կլծվեք այդ խնդիրների լուծման գործին: Հավատացեք, որ այդ խնդիրների լուծումը պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուրն իր ոլորտում, իրեն վստահված բնագավառում կարողանա կատարել իր առջև դրված խնդիրները: Սա՛ է կարևորը»,- ասել է Սերժ Սարգսյանը, ընդգծելով, որ լավ տոնի նշան և ճիշտ մոտեցում չէ, երբ իրենց աշխատանքը պատշաճ չկատարողները՝ վերևում կառավարողները լինեն, թե միջին ու ստորին օղակի պաշտոնյաներ, մեղքը գցում են միմյանց վրա կամ ժողովրդի։ «Մեզնից որևէ մեկն իր վարքը և իր գործունեությունը չպետք է պայմանավորի այլոց վարքով ու գործունեությամբ: Եթե իրոք ուզում ենք ծառայել մեր երկրին՝ մենք պետք է ունենանք մեր սկզբունքները, մեր մոտեցումները»:

Նշենք, որ 2016 թվականին հիմնադրված՝ Հայաստանում առաջին քաղաքական դպրոցը տվել է շուրջ 400 շրջանավարտ, որոնք տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են կամ անկուսակցականներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վկայականների հանձնման արարողության ավարտին, շրջանավարտներից մեկի հարցին ի պատասխան, թե արդյոք չի՞ վախենում, որ ձերբակալությունների շղթան իրեն էլ կհասնի, Սերժ Սարգսյանը պատասխանել էր. «Ինչպես հայտնի է՝ ոչինչից չի վախենում միայն կատարյալ հիմարը։ Ես 1988 թվականից հետո իրոք վախեցել եմ, վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը՝ Լեռնային Ղարաբաղը, ինչը շատ մեծ և իրական վտանգ կբերեր մեր հայրենիքի մնացած և վերջին մասին համար։ Բայց տասնյակ հազարավոր նվիրյալների հետ միասին նայելով վախի աչքերի մեջ՝ մենք կարողացել ենք հաղթահարել այդ վախը պատերազմի՝ ձեզ հայտնի արդյունքներով։ Ես հիմա էլ եմ վախենում անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից։ Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ , եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն»։